ԱԺ արտահերթ նիստում «ՔՊ» խմբակցության թեկնածու Աննա Վարդապետյանը ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ: ԱԺ 107 պատգամավորներից փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած 70 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել Վարդապետյանին: Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել խորհրդարանի նիստին եւ քվեարկությանը:
Նորընտիր գլխավոր դատախազը պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նիստում տված երդմամբ: Այդ օրը նաեւ ավարտվում է գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը:
Իր թեկնածության քննարկման ընթացքում Վարդապետյանը ներկայացրել է ոլորտի եւ աշխատանքի վերաբերյալ պատկերացումները, պատասխանել պատգամավորների հարցերին: Հայտնել է, որ ուշադրության կենտրոնում է պահելու ուշացած արդարադատության խնդիրը:
Վարդապետյանը 2010-ից առ այսօր դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում: 2018-2019 թվականներին եղել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական: 2019-ի ապրիլից նոյեմբեր զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: 2020-ից մինչ օրս ՀՀ վարչապետի իրավական հարցերով օգնականն է: