Հայ եւ ադրբեջանցի 11 անկախ փորձագետներից կազմված խումբը հունիսի 27-ին եւ 28-ին հանդիպում է անցկացրել Վրաստանի Կաչրետի քաղաքում։
Հայ-ադրբեջանական միացյալ խմբի անդամներն են Ստեփան Գրիգորյանը, Տարոն Հովհաննիսյանը, Գեւորգ Մելիքյանը, Ջոնի Մելիքյանը, Բենիամին Պողոսյանը, Ահմադ Ալիլին, Մեհման Ալիեւը, Շահլա Իսմայիլը, Սամիր Մամեդովը, Ռամազան Սամադովը եւ Անար Վալիեւը։
Ըստ «Արմենպրես»-ի՝ փորձագիտական խմբի անդամ Ջոնի Մելիքյանը նշել է, որ հանդիպման մասնակիցները քննարկել են երկու երկրների կառավարությունների միջազգային խաղացողների աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար ճիշտ պայմանների ստեղծմանն ուղղված շարունակական ջանքերը։
Եվրամիությունը շարունակություն կհաղորդի այս ձեւաչափին
«Ձեւաչափը ստեղծել է Եվրամիությունը, աջակցվում է վստահության ամրապնդման գործիքների շրջանակներում։ Այն պետք է հնարավորություն տա, որ երկու երկրների փորձագետները հանդիպեն, շփվեն, կիսվեն կարծիքներով եւ փորձեն տեսնել հակառակ կողմի մոտեցումը կամ լսեն միմյանց, հասկանան՝ ինչ կարելի է կառուցել եղած հիմքի վրա»,- նշել է Մելիքյանը։
Չնայած նրան, որ Ադրբեջանը հակամարտությունը լուծված է համարում, սակայն խնդիրները բավականին շատ են։ Կա հարցերի լուծման կարիք։ Հայ փորձագետները մշտապես հնչեցնում են այն տեսակետը, որ հակամարտությունը լուծված չէ։ Մելիքյանի դիտարկմամբ՝ Եվրամիությունը շարունակություն կհաղորդի այս ձեւաչափին։
Քննարկումները կստիպեն խոսել առաջարկների մասին
«Բացատրական աշխատանքը պետք է շարունակել։ Ի վերջո ժամանակ կգա, եւ նրանք էլ այս հանդիպմանը անկախ փորձագիտական մոտեցումներով կգան, ոչ թե իրենց իշխանությունների թեզերը արտաբերելու համար։ Կողմերը պետք է սկսեն քննարկել ապագայի մասին, ինչպես կարելի է լուծել հարցերը։ Պարտադիր է հանդիպել, բացատրական աշխատանքներ վարել, ցույց տալ Արեւմուտքի մեր գործընկերներին, որ մենք գնում ենք երկխոսության, ունենք մեր մոտեցումները, որոնք շատ հստակ հիմքերի վրա են»,- շեշտել է Մելիքյանը։
Փորձագետը կարծում է, որ հանդիպումները կարող են նպաստել, որ Ադրբեջանը հանգի այն եզրակացության, որ միակողմանի ոչինչ չի լինում։ Դժվար է խոսել տեսանելի եւ շոշափելի արդյունքների մասին, բայց կան հարցեր ու թեմաներ, որոնց մասին քննարկումները կստիպեն խոսել առաջարկների մասին։
Մեդիադաշտում ատելության խոսքի եւ հռետորաբանության մշտադիտարկման անհրաժեշտությունը
Փորձագետ Տարոն Հովհաննիսյանը շեշտում է՝ քաղաքական եւ բանակցային օրակարգերը քննարկման ենթակա չեն։ Փորձագիտական խումբը չի զբաղվում հակամարտության գնահատմամբ, բանակցային, խաղաղության գործընթացով։ Սակայն հայկական խումբը իր մտահոգությունները բարձրաձայնում է։
«Հայկական կողմի առաջարկն այս շրջանակում այն է, որ մշտադիտարկում իրականացվի ատելության խոսքի, ղեկավարների հռետորաբանության եւ հնարավորության դեպքում նաեւ սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Դեռեւս որեւէ բան հստակեցված չէ, միայն գաղափարներ են գեներացված, եւ շատ դժվար է ասել՝ որեւէ բան կհաջողվի անել, թե ոչ»,- ընդգծել է Հովհաննիսյանը։
Նրա համոզմամբ՝ եթե չլինեն խնդիրներ, Եվրամիության աջակցությամբ գուցե փորձ արվի մեդիադաշտի մշտադիտարկում իրականացնելու ատելության խոսքի եւ հռետորաբանության մասով։ Հայկական կողմը անհանգստանալու կարիք չունի։ Պետք է ապահովի համակողմանի վերլուծություն։ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ մշտադիտարկման շրջանակում նաեւ հնարավոր է քննարկել Արցախում խաղաղ բնակչության դեմ հրադադարի խախտումները, այսինքն՝ ինչքանով է պահպանվում հրադադարը։
Առաջիկա վեց ամսում խաղաղության ջանքերին ուղղված քայլերը
Մասնակիցներն անդրադարձել են նաեւ այն լուրջ վտանգներին, որոնք բխում են ընթացող միջազգային գործընթացներից, մասնավորապես Ուկրաինայի պատերազմից, որն իր ազդեցությունն ունի Արեւելյան գործընկերության բոլոր երկրների, ինչպես նաեւ եվրոպական եւ համաշխարհային անվտանգության վրա: Նրանք հույս են հայտնել հակամարտության շուտափույթ ավարտի եւ Ուկրաինայում խաղաղության վերականգնման առնչությամբ:
Խումբը սահմանել է նաեւ այն քայլերը, որոնք կձեռնարկի առաջիկա վեցամսյա ժամանակահատվածում՝ աջակցելու տարածաշրջանում շարունակվող խաղաղության ջանքերին, ինչպես նաեւ ակտիվացնելու իր շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների եւ այլ տեղական, տարածաշրջանային եւ միջազգային շահագրգիռ կողմերի հետ՝ բացահայտելու լավագույն ուղիները, որոնք կարող են նպաստել խաղաղության շարունակական ջանքերին՝ օգնելով կառուցելու երկխոսություն եւ վստահություն։