Պաշտոնական Բաքուն դատապարտում է Հայաստանի զինված ուժերի բարձրաստիճան զինվորականի հայտարարությունը:
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը նախօրեին Երեւանում զորակոչի ժամանակ հայտարարել է, որ որոշում կա Լեռնային Ղարաբաղում միայն պայմանագրային զինծառայություն անցնելու մասին: Բարձրաստիճան զինվորականը նշել է, որ Արցախում ծառայության գրավչության համար փաթեթ է մշակվել, որ պայմանագրայինները մեկնեն ծառայության, ընդ որում, ինչպես շեշտում էր Սահակյանը, խոսքը հիմնականում ղարաբաղցիների մասին է:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան, պնդելով, թե այդպիսով հայկական կողմը խախտում է եռակողմ պայմանավորվածությունները, հայտարարել է, որ Հայաստանի պաշտոնական անձանց «այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ խաղաղության մասին հայկական կողմի խոսքերը ոչ այլ ինչ են, քան երկերեսանիություն»։
«Մինչ ադրբեջանական կողմը քայլեր է ձեռնարկում հետհակամարտային շրջանում հարաբերությունները կարգավորելու եւ խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ, հայկական կողմի նման վերաբերմունքը բացահայտորեն ցույց է տալիս նրա շահագրգռվածությունը ոչ թե խաղաղությունը վերականգնելու, այլ տարածաշրջանում լարվածություն ստեղծելու համար»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը: