Թուրք-հայկական բիզնեսի զարգացման խորհուրդը 1997 թվականին է ստեղծվել։ Այն ժամանակ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ որեւէ հարաբերություն, համատեղ կառույց, հաղորդակցության ուղի չկար։
Երբ առաջին քայլերն էինք ձեռնարկում այս խորհուրդը ստեղծելու, դժվար էր անուն գտնելը։ 1997 թվականն էր, «թուրք» եւ «հայ» բառերն իրար կողքի դնելը դժվար էր։ Շատ մտածեցինք, թե ինչ ենք անելու, շատ անուններ քննարկեցինք։ Վերջում որոշեցինք «բիզնես» բառով կազմել անունը։ Բայց թուրքերի եւ հայերի մեջ բիզնես էլ չկար։ Դրա համար որոշեցինք անվանել Բիզնեսի զարգացման խորհուրդ։ Իհարկե, խնդիրներ եղան։ Քանի որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկային, չկար նաեւ ինչ-որ պաշտոնական կառույց, որին կարող էինք դիմել։
1997 թվականից մինչեւ 2013-2014-ը ինտենսիվ գործունեություն ենք ծավալել։ Իհարկե, քաղաքական գործիչների, քաղաքական մթնոլորտի լարվածության աճով կամ նվազմամբ պայմանավորված, մեր աշխատանքի հաճախականությունը կա՛մ մեծանում էր, կա՛մ նվազում։ Այս պահին Բիզնեսի զարգացման խորհուրդը նորմալ աշխատում է, իր գործունեությունն է ծավալում։
Թուրք-հայկական հարաբերությունները, եթե չասեմ երբեք, ապա գոնե մեծ մասամբ երկկողմանի չեն եղել։ Ամենամեծ դժվարությունն էլ հենց սա էր։ Երանի թուրք-հայկական հարաբերությունները երկկողմանի լինեին. եթե մեզ իրար հետ մենակ թողնեին, մենք այս խնդիրը շատ վաղուց լուծած կլինեինք։
Ինձ համար մեծ կարեւորություն ունեցող բառերից մեկը «ինտեգրումն» է։ Այսինքն՝ տնտեսական առումով երկրները պետք է կապվեն միմյանց։ Հայաստանը մոտավորապես 30 տարի է՝ տարածաշրջանում միայնության մեջ է։ Որպեսզի այս միայնությունը հնարավոր լինի հաղթահարել, անհրաժեշտ է տարածաշրջանային ինտեգրում, ու պետք է գանք մի վիճակի, երբ միասին կկարողանանք ապրել։ Իսկ մեր նախագծերն այդ առումով շատ կարեւոր են իրականում։
Եթե կարգավորում լինի, եթե սահմանները բացվեն, վստահ եմ, որ շատ հաճելի աշխատանքային փուլ կմտնենք։ Տարիներ անց երկու երկրների մարդիկ կտեսնեն իրենց հարեւաններին։ Մի նախատիպ է ստեղծվել, բոլորի աչքում մի հրեշ է ստեղծվել։ Պետք է տեսնեն, որ այդ հրեշն իրական չէ: Իհարկե, սադրանքներ լինելու են։ Իհարկե, տհաճ իրավիճակներ են լինելու։ Ես սպասում եմ դրանց, նորմալ է։ Բայց, ընդհանուր առմամբ, այս մարդիկ նախ պետք է իրար ճանաչեն։ Դրանից հետո իրենք՝ այդ սահմանամերձ գոտիներում ապրող մարդիկ են որոշում կայացնելու, թե միասին ինչ կարող են անել։
Հայաստանում շատ եմ լսում մի հարց․ սահմանը բացվելուն պես թուրքական տնտեսությունը կգա, Հայաստանին կխեղդի։ 1996 թվականին, երբ Թուրքիան մտավ Եվրամիության մաքսային միություն, մեզ մոտ էլ այդ վախը կար։ Բայց Թուրքիան սովորեց մրցակցել։ Նախկինում միայն ներկրում էր Եվրոպայից, հետո ինքը սովորեց արտադրել, զարգացրեց արտադրությունը։ Եվ Թուրքիայի արտահանման թիվ մեկ ապրանքը ավտոմոբիլային սարքավորումները դարձան, մինչ այդ միշտ տեքստիլն էր առաջին տեղում։
Հայաստանում նույնպես այս փոփոխությունը կլինի, կարծում եմ։ Հայաստանը, սեփական արտադրությունն ակտիվացնելով, ի վիճակի կլինի մրցակցությանը մասնակցելու։ Մրցակցելու համար էլ անհրաժեշտ կլինի արդյունաբերությունը զարգացնել։ Այս ամենի արդյունքում մեծ տրանսֆորմացիա կլինի։ Սրանք ժամանակի հետ ընթացող բաներ են։ Ես այսպես եմ տեսնում։ Հուսամ՝ այսպես կլինի։