Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինե Լամբրեխտը իսպանական El Mundo պարբերականին տված հայցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ապագայում ինքնուրույն կարգավորի սեփական անվտանգությանն առնչվող հարցերը:
«Հյուսիսատլանտյան դաշինքը մեր անվտանգության երաշխավորն է, բայց ապագայում Եվրոպան պետք է ի վիճակի լինի սեփական պատասխանները տալու անվտանգության հարցերին,- նշել է գերատեսչության ղեկավարը: Նա հավելել է, որ իր համար նախկինի նման չափազանց կարեւոր է ՆԱՏՕ-ում ամրապնդել եվրոպական հիմքը եւ անել այնպես, որ ԵՄ-ն ունենա գործելու մեծ ունակություն։
«Ապագայում մենք՝ ԵՄ երկրների պաշտպանության նախարարներս, պետք է պարբերաբար հանդիպենք, որ քննարկենք համագործակցությունը գնումների եւ սպառազինությունների բնագավառում»,- հայտարարել է գերատեսչության ղեկավարը:
Լամբրեխտի կարծիքով սահմանների պաշտպանության հարցն ավելի մեծ չափով ԵՄ-ի ներքին գործերի նախարարների հարցն է, ավելի փոքր չափով՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանավորման հարցը:
Նախարարը նշել է, որ Եվրամիության «Ռազմավարական կողմնացույց» պաշտպանական ռազմավարության շնորհիվ ԵՄ-ն առաջընթացի է հասել զարգացման բնագավառում եւ շարժվում է ճիշտ ուղղությամբ։
«Վերջին տասնամյակներում մեր զինված ուժերում իրականացվել է ընդգրկուն խնայողություն հօգուտ արտասահմանում իրականացվող առաքելությունների»,- պարզաբանել է Գերմանիայի պաշտպանության նախարարը եւ հավելել, որ եկել է ազգային պաշտպանության եւ դաշինքի պաշտպանության վրա կենտրոնանալու ժամանակը։