Տանը հանգիստ նստած ինձ համար նապաստակ էի նկարում։ Նկարել չգիտեմ բոլորովին, նապաստակ չի ստացվում, բայց ամեն օր նկարում եմ։ Մեկ էլ հոպ՝ տուլուլու, տուլուլու, տուլուլու՝ դռան զանգը տվեցին։ Միշտ մտածել եմ էդ անտեր զանգը փոխել, որ էլ «տուլուլու» չանի։ Ես սիրում եմ, երբ զանգը «զընգ» է անում։ Ինչքան ժամանակ է՝ փոխելու մասին եմ մտածում։ Զանգը պետք է «զընգ» անի, դրա համար էլ անունը զանգ է։ Հակառակ դեպքում անունը տուլուլու կդնեին։ Մի խոսքով՝ դռան զանգը տվեցին։ Վազեցի դեպի դուռը։ Բացեմ՝ երկու երիտասարդ ու բարետես աղջիկներ։
-Բարեւ ձեզ։
-Բարեւ ձեզ,- պատասխանում եմ։
-Մենք սոցիոլոգիական հարցում ենք անցկացնում,- ասում են,- կարո՞ղ է ցանկանաք պատասխանել մեր հարցերին։
Ահագին ժամանակ առաջ նման մի դեպք արդեն եղել էր։ Էլի տանը նստած էի, էլի նապաստակ էի նկարում ու մեկ էլ՝ տուլուլու, տուլուլու։ Բացեցի՝ մի տարեց կին ու մի երիտասարդ աղջիկ։
-Կցանկանա՞ք իմանալ, թե ինչ է ասում Աստված։
-Իսկ դուք գիտե՞ք,- հարցնում եմ։
-Այո՛,- ասում է տարեց կինը,- գիտենք։ Մենք նրա հետ մշտական կապի մեջ ենք։ Նա խոսում է մեզ հետ։
Միշտ եմ մտածել Աստծո հետ ուղիղ կապ ունենալու մասին։ Հազար անգամ փորձել եմ. ե՛ւ մտքում, ե՛ւ բարձրաձայն դիմել եմ նրան, եկեղեցի եմ գնացել, բայց կապի դուրս չի եկել։ Ուրախացա շատ։ Վերջապես, մտածեցի, ուղիղ կապ ունեցող հայտնվեց։ Կօգնեն, ինձ էլ կկապեն։ Ներս թողեցի։ Աղջիկը լուռ էր։ Տարեցն էր խոսում։ Խոսեց, խոսեց՝ բան չհասկացա։
Ասում եմ․
-Հիմա՝ ձեր էս այցից հետո, որ դիմեմ Աստծուն, կապի դուրս կգա՞։
-Ամբողջ հոգով-սրտով որ դիմես՝ անկասկած։
Սուրճ առաջարկեցի, հրաժարվեցին ու գնացին։
Երեկոյան ուղիղ 10։30 ես պետք է անկողնում լինեմ։ Օրենք է։ Ուզում է՝ ջրհեղեղ լինի, ուզում է՝ երկինքը փլվի, երբեք չեմ խախտում։ Ես, ընդհանրապես, կարգ ու կանոն սիրում եմ, մյուսների պես չեմ՝ անտեր ու դուրս։ Լվացվեցի, մտա անկողին ու սկսեցի խոսել Աստծո հետ։ Խոսում եմ, խոսում եմ, հարցնում եմ, կանչում եմ, աղաչում եմ՝ ձեն չկա։ Ու այսպես ամեն օր։ Մեկ ամիս անց հասկացա՝ խաբել են։
Շատ էի էդ կանանց վրա չարացած։ Քաղաքով քայլելիս անընդհատ հայացքով նրանց էի որոնում։ Մի օր էլ Նար-Դոսի կողմերը, էն որ մի հատ թթի ծառ կա, կիմանաք, ա՛յ, հենց էդ ծառից ոչ հեռու էն տարեց կնոջը նկատեցի։ Պատի տակ մի մեծ քար կար, վերցրի ու հետեւից աննկատ մոտեցա։ Մնացածը դուք պատկերացրեք։ Ով էլ լիներ իմ տեղը, այդպես կվարվեր։ Ես արդարության կողմից եմ։ Չի կարելի խաբել։ Խաբել ես՝ ստացի՛ր։ Ստացավ իր բաժինը։ Ինձ բռնել, հասկացաք երեւի, հնարավոր չէ։ Մինչեւ այնտեղ գոռում-գոռգոռում, շտապ էին կանչում, ես արդեն Գումի շուկան անցել էի։
Հիմա դռան մոտ կանգնած մտածում եմ՝ կարո՞ղ է էս աղջիկներն էլ էն երկուսի նման խաբեբա լինեն, ներս թողնեմ՝ հետո նյարդերս քայքայեմ։
-Իսկ ձեր հարցման թեման կասե՞ք։
-Մենք,- ասում են,- վարչապետի աջակցության հիմնադրամից ենք։ Հարցում ենք անցկացնում, որ պարզենք` բնակչության որ հատվածն է վստահում մեր վարչապետին։
-Վայ ձեր ցավը տանեմ, ճիշտ տուլուլու, վա՛յ, ի՞նչ եմ ասում, ճիշտ զանգ եք սեղմել, նե՛րս եկեք, իհարկե, կպատասխանեմ։ Գրե՛ք,- ասում եմ,- մեր ամբողջ ընտանիքում, մեր էս շենքում, տո ի՞նչ եմ ասում, մեր էս թաղում բոլորը մեր վարչապետի կողմից են։
Կասկածամտորեն ինձ են նայում, բայց ներս, այնուամենայնիվ, մտան։
-Եթե ձեզ դժվար է, ես կլրացնեմ հարցաթերթիկը։ Դուք միայն հարցերին պատասխանեք,- գրիչը պայուսակից հանելով՝ ասում է աղջիկներից մեկը:
-Ես,- ասում եմ,- կարող եմ նաեւ գրել։ Մի քիչ դանդաղ կստացվի, բայց կստացվի։ Ես չեմ մեղավորը։ Մեղավորը մեր դպրոցն է։ Էսօրվա պես հիշում եմ՝ հինգերորդ դասարանում մամայիս կանչեցին դպրոց ու ասացին, որ ինձ տուն տանի։ Ճանապարհին ասացի՝ մա՛մ, հիմա ես էլ դպրոց չեմ գնալո՞ւ։ Ասաց՝ հա՛, տղա՛ս, դու էլ դպրոց չես գնալու։ Ասում եմ՝ բա խի՞, բոլորը գնան, ես՝ չէ՞։ Մայրս, իմ քաղցր մայրիկն ասաց՝ դու տարբերվում ես բոլորից։ Այո՛, այո՛, ես տարբերվում եմ բոլորից։ Ես դա գիտեմ միշտ ու հաստատ։ Դրսում որ հարցնեք, կասեն՝ գիժ, գիժ։ Գիժն իրենք են։ Չեմ էլ թաքցնում՝ հա, գժանոցում հաճախ եմ լինում։ Իսկ ի՞նչ կա որ։ Հլա էն մյուսներին թող ստուգեն, տեսնենք՝ գժանոց չեն տանի՞։ Ասում են՝ գժանոց, ու չեն էլ հասկանում, թե ինչի մասին են խոսում։
Ես մեր գժանոցի մասին գրել եմ։ 2017 թվին եմ գրել՝ հինգ տարի առաջ։ Մի շատ լավ կայք կա, ձեր իմացած սիենեն-միենների նման չի, որ բացես, տեսնես՝ մեջն անկապ-անիմաստ լուրեր են, ու փակես։ Կարգին կայք է։ «Հայաստան-24» է կոչվում։ Նրանք իմ գրածը տպել են։ Վերնագիրն էլ «Գժանոց» էի դրել։ Գրել էի, թե ինչպես են մեր գժանոցում ընտրություններ ընթանում։ Ափսոս մեր գժանոցը, հազար ափսոս։ Տարածքը լավն էր, թռնելուց առաջ Սերժը ծախեց Լֆիկին։ Տեղը հիմա սուպերմարկետ է։ Էդ մասին էլ եմ գրել։ Վերջերս ուզեցի մտնեմ, նորից կարդամ իմ «Գժանոցը», բայց չկար կայքում։ Ջնջել են սրիկաները։ Ափսոս։ Չէ՛, կայքի աշխատողները չեն սրիկա, լավն են նրանք, հասկացող ու արժանին գնահատող մարդիկ են։ Մասոններն են ջնջել։ Հաստատ։ Ճիշտ խոսք նրանք չեն սիրում։
Աղջիկները, որ հյուրասենյակ էին արդեն հասել, անհանգիստ իրար նայելով շարժվեցին դեպի դուռը։
-Ո՞ւր, ո՞ւր,- ասում եմ,- ես պետք է պատասխանեմ մեր վարչապետի մասին ձեր բոլոր հարցերին։ Դուք,- ասում եմ,- ամենաճիշտ հասցեով եք եկել։ Գնալ չկա։ Ես ձեզ ջուր կբերեմ։
Ասացի ու մտա խոհանոց։ Ականջս, բայց, ձայնի է։ Լսում եմ՝ աղջիկներից մեկն ասում է մյուսին․
-Ամբողջ թաղամասում որեւէ մեկը պատասխանել չի ցանկացել։ Թող պատասխանի, արդյունք ցույց կտանք։
-Այոոո,- բաժակները սեղանին դնելով՝ ասում եմ,- ամենալավ արդյունքն էլ դուք եք ցույց տալու։ Հարցրե՛ք։
Աղջիկներից մեկը սկսեց․
-Մասնակցե՞լ եք դուք 2018-ի հեղափոխությանը։
-Այո՛,- ոգեւորված վրա եմ բերում, — իհարկե, մասնակցել եմ։ Հեղափոխությունը սկսելուց մի քանի օր առաջ Սերժը մեր գժանոցը Լֆիկին ծախեց։ Մեր բժիշկը այլ տարբերակ չուներ, բոլորիս տներով ուղարկեց։ Դուրս եկանք քաղաք՝ այնտեղ հեղափոխություն է։ Բոլորս էլ առաջին շարքերում էինք։ Հրաշալի օրեր էին։ Գրե՛ք մեծ տառերով՝ մասնակցել է հեղափոխությանը։
-Գո՞հ եք հետհեղափոխական ձեր կյանքից։
-Իմ կյանքից,- ասում եմ,- գոհ չեմ։ Հաց չունեմ, փող չունեմ, սկի սուրճ չունեմ, որ ձեզ հյուրասիրեմ, բայց մեր բոլորի սիրելի վարչապետին սիրում եմ։ Մեր վարչապետն ասել է՝ լավ է լինելու։ Ես հավատում եմ ու սպասում։ Լավ է լինելու։ Դժգոհ չեմ։ Դժգոհներն,- ասում եմ,- նախկիններն են՝ սերժենք ու ռոբենք։ Ես դրանց չեմ սիրում։ Ատում եմ։ Դրանք են մեղավոր, որ վատ է այսքան, որ ես սուրճ չունեմ։ Դրանք են խանգարում, որ մեր վարչապետն իր լավ ծրագրերն իրականացնի։ Դրանք պատերազմ սկսեցին, հետո էլ պարտություն սարքեցին, որ մեր վարչապետին փչացնեն, բայց անհնար բան է։ Մեր վարչապետը մի հատ է ու մերն է։
Մի խոսքով՝ տեղը տեղին պատասխանեցի բոլոր 34 հարցերին։
Աղջիկները ոտքի կանգնեցին՝ գոհ են ու շնորհակալ։
-Աղջիկնե՛ր,- ասացի,- մեր վարչապետը քաղաքապետին հանձնարարել է, որ մեր գժանոցի համար նոր տարածք հատկացնի։ Մեր բժիշկն է ինձ ասել։ Դե, Լֆիկից մեր տարածքը հո հետ չէին վերցնելու։ Այլ շենք է լինելու։ Հենց պատրաստ եղավ, մեզ հավաքելու են։ Կկազմակերպեմ, որ գաք ու այնտեղ ձեր հարցումներն անեք։ Կտեսնեք, թե իրականում ինչ մեծ աջակցություն ունի մեր բոլորի սիրելի վարչապետը։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։