Առաջին անգամ ՄԱԿ-ի պատմության մեջ «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի Կողմերն արտահերթ նստաշրջանում ընտրեցին բնապահպանների հարցերով աշխարհում առաջին հատուկ զեկուցողին։
Դեռեւս կոնվենցիայի Կողմերի յոթերորդ նստաշրջանում՝ 2021 թվականի հոկտեմբերի 21-ին, ընդունվել էր որոշում՝ սահմանելով բնապահպանների պաշտպանությանն ուղղված արագ արձագանքման մեխանիզմ: Դրանով առաջին անգամ միջազգային մակարդակով իրավականորեն կարգավորվում էր բնապահպանների շահերի պաշտպանությունը: Այս քայլը կոնվենցիայի Կողմերը եւ մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների ներկայացուցիչները որակել էին որպես կարեւոր քայլ բնապահպանական ժողովրդավարության առաջխաղացման համար՝ ի նպաստ մաքուր, առողջ եւ կայուն շրջակա միջավայրի համընդհանուր իրավունքի պահպանման։
Դրանից առաջ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը բանաձեւ էր ընդունել՝ ճանաչելով առողջ շրջակա միջավայրի հասանելիությունը որպես մարդու հիմնարար իրավունք՝ կոչ անելով ամբողջ աշխարհի պետություններին համատեղելու ջանքերն այս նոր ճանաչված իրավունքի իրացման համար: Բանաձեւն ընդունվել էր Կոստա Ռիկայի, Մալդիվների, Մարոկկոյի, Սլովենիայի ու Շվեյցարիայի կողմից առաջարկված տեքստով: ՄԱԿ-ի անդամ 43 երկիր տեքստին կողմ էին քվեարկել, չորսը՝ Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու Ճապոնիան՝ ձեռնպահ։
Այս տարի արդեն ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի շրջանակում հայտարարվել էր բնապահպանների իրավունքների պաշտպանի ընտրության մասին: Առաջադրվել էր չորս թեկնածու, երեքը՝ եվրոպական երկրներից, մեկն՝ ասիական:
Կոնվենցիայի Կողմերի արտահերթ նստաշրջանում հունիսի 23-ին ֆրանսիացի, մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի փորձառություն ունեցող իրավապաշտպան Միշել Ֆորսթը կոնսենսուսով ընտրվեց բնապահպանների իրավունքների պաշտպան: Ընտրությունը տեւեց ընդամենը 20 րոպե, որն աննախադեպ էր:
Անգամ «Էկոֆորում» հասարակական միջազգային բնապահպանական ցանցի ներկայացուցիչները, որոնք առհասարակ քննադատաբար են մոտենում շրջակա միջավայրին առնչվող հարցերի շուրջ կայացված որոշումներին, չկարողացան զսպել իրենց հուզմունքը արժանի թեկնածուի հաղթանակի կապակցությամբ:
Կոնվենցիայի Կողմերը կարեւորեցին բնապահպանների դերը շրջակա միջավայրի պահպանման գործում՝ միաժամանակ արձանագրելով, որ նրանցից շատերն աշխարհի շատ երկրներում հաճախ սպառնալիքի տակ են լինում:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն իր հերթին ընդգծեց բնապահպան ակտիվիստների դերը Հայաստանում բնության պահպանության գործում՝ օրինակ բերելով նրանց ներդրումը Շիկահողի արգելոցով ճանապարհի անցկացման նախագծի մերժման, արդյունքում Մթնաձորի անտառի պահպանության, ինչպես նաեւ Թռչկանի ջրվեժի՝ որպես բնության հուշարձանի պահպանության գործում:
«Սակայն պետք է ընդգծել, որ այս հաջողություններն արձանագրվել են կառավարության ադեկվատ վերաբերմունքի եւ բնապահպան ակտիվիստների հետ համագործակցության պատրաստակամության արդյունքում»,- նշեց նա:
Բնապահպանների իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի դերը
Բնության պահապանների պաշտպանի դերը անհապաղ միջոցներ ձեռնարկելն է՝ պաշտպանելու ցանկացած անձի, ով կենթարկվի պատժի, հետապնդման կամ ոտնձգության Օրհուսի կոնվենցիայով նախատեսված իր իրավունքներն իրականացնելիս:
Օրհուսի կոնվենցիայի 3-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Կողմերը պետք է ապահովեն, որ կոնվենցիայի դրույթներին համապատասխան իրենց իրավունքները կիրարկող անձինք ներգրավվածության համար չպատժվեն, չհետապնդվեն կամ ոտնձգությունների չենթարկվեն: Այնուամենայնիվ, քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն ու այլ շահագրգիռ կողմեր արձանագրել են բազմաթիվ դեպքեր, երբ բնապահպանները ենթարկվել են հետապնդման, ծանր տուգանքների, աշխատանքից ազատման, սպառնալիքների եւ ահաբեկման, քրեականացման, կալանավորման, բռնության, նույնիսկ սպանության:
Ընտրվելուն պես պարոն Ֆորսթը շնորհակալություն հայտնեց Կողմերին վստահության համար եւ հայտարարեց, որ կապահովի մանդատով իրեն վերապահված բոլոր պարտականությունների կատարումը:
«Խոստանում եմ լինել հատուկ զեկուցող՝ անկախ երկրներից, ՀԿ-ներից ու քարտուղարությունից: Ես պահանջատեր կլինեմ թե՛ իմ, թե՛ մյուսների նկատմամբ: Կլինեմ հատուկ զեկուցող, ով կլսի բոլոր Կողմերին: Ես կլինեմ հատուկ զեկուցող, որը թափանցիկ կաշխատի կոնվենցիայի բոլոր Կողմերի համար: Եվ հուսով եմ, որ կլինեմ հատուկ զեկուցող, ով կկարողանա ցույց տալ այս նոր մեխանիզմի օգտակարությունը»,- նշեց նա։
Առանձնազրույցի ժամանակ Միշել Ֆորսթն ասաց, որ ծանոթ է մեր տարածաշրջանում տիրող իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը, եւ իր առաջին այցելություններից մեկը կլինի հենց մեր տարածաշրջան՝ տեղում առավել մանրամասն տեղեկանալու իրավիճակին եւ առկա խնդիրներին:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։