Հունիսի 29-ին Աշխաբադում Կասպյան գագաթնաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներն անդրադարձել են նաեւ ղարաբաղյան խնդրին:
Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի՝ հանդիպման սկզբում Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիեւին ասել է, որ տարածաշրջանային անվտանգության, դրանց թվում եւ առաջին հերթին ղարաբաղյան կարգավորման առնչությամբ խնդիրներ կան։
«Դրանք քննարկել ենք միասին, եւ այժմ հնարավորություն կունենանք ավելի շատ խոսելու այդ թեմայի շուրջ»,- շեշտել է ՌԴ նախագահը։
«Իհարկե, այսօր եւս մեկ առիթ կլինի խոսելու տարածաշրջանային խնդիրների եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին»,- իր հերթին ասել է Իլհամ Ալիեւը։
ԼՂ կարգավորման թեմայով երկու պետությունների ղեկավարների քննարկումների վերաբերյալ մանրամասներ չկան: