ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները հունիսի 30-ին Մադրիդի գագաթնաժողովի ժամանակ հաստատել են դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը։ Ըստ այդմ ՆԱՏՕ-ի հիմնական առաջնահերթություններ են համարվում «ռուսական ագրեսիան», «Չինաստանից բխող համակարգային մարտահրավերները» եւ «այդ երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության խորացումը»:
Արեւմտյան ռազմական դաշինքի փաստաթղթում Ռուսաստանը բնութագրվում է իբրեւ «ամենաէական եւ ուղղակի սպառնալիք»։ Առաջին անգամ ուշադրություն է դարձվում ՆԱՏՕ-ի անվտանգությանը, շահերին եւ արժեքներին՝ Պեկինից բխող մարտահրավերներին:
Գագաթնաժողովում դաշինքի անդամները պայմանավորվել են աջակցել ռուսական ներխուժումից արդեն չորս ամսից ավելի պաշտպանվող Ուկրաինային: