Վաղ առավոտյան տարօրինակ մի զանգ ստացա։ Զանգողը պաշտոնաթող բարձրաստիճան զինվորական էր, որը հարցնում էր, թե ինչու են բանակում լրտեսներն ու գործակալները բազմացել։ Բնականաբար միանգամից չկարողացա պատասխանել, ավելին՝ գիտակցաբար առկախեցի պատասխանելու փորձս, քանի որ վստահ էի, որ գեներալը զանգել է արդեն իսկ պատրաստի վերլուծությամբ։
Ըստ նրա՝ Հայոց բանակում մինչեւ 2018 թվականը երբեք այսքան օտարերկրյա գործակալներ չեն եղել, իսկ պատճառը երկրում ձեւավորված ծանր եւ գարշելի մթնոլորտն է։
Եթե անկեղծ լինենք, լրտեսների հարցը երբեւէ այդ տեսանկյունից չէի դիտարկել, դա ինձ համար մասնավոր, անձի բարոյական եւ քաղաքացիական նկարագրով պայմանավորված խնդիր էր։ Բայց գեներալի խորհրդավոր զանգը թույլ տվեց բացահայտել նաեւ խնդրի շատ ավելի բարդ շերտը, որի հիմքում հանրային կառույցը կազմաքանդող անլուծելի կոնֆլիկտն է։
Փորձենք սահմանել խնդրո առարկան եւ անցնենք դրա քննությանը․ հայրենիքի դավաճանության պատճառ կարող են դառնալ ոչ միայն անհատի անձնական շահախնդրությունն ու անբարոյական էությունը, այլեւ համահասարակական արատավոր միջավայրն ու գաղափարական համընդհանուր արժեզրկումը։ Բնականաբար թվարկված երկու գործոնները կարող են ներկայացված լինել միաժամանակ, բայց, այնուամենայնիվ, հակված եմ կարծելու, որ հենց գաղափարների արժեզրկումն է մարդու մեջ դավաճանությամբ անաձնական շահախնդրություն ստանալու միտք հղացնում։
Մոտավորապես այս տրամաբանությամբ․ եթե ամեն ինչ անիմաստ է, ապա ինչո՞ւ ոչ։
Իմ կարծիքով արատավոր միջավայրի եւ գաղափարների կազմաքանդման առաջնային մեղավորներն են իշխանությունն ու ընդդիմությունը։ Նրանք են ստեղծել այս իրականությունը իրենց հռետորաբանությամբ, լոզունգներով եւ գործողություններով։
Արդեն չորս տարի է, ինչ ընդդիմադիրներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներով գոռում են, թե երկրի վարչապետը դավաճան է, հողատու։ Միքայել Մինասյանն ի լուր աշխարհի հայտարարում էր, թե Հայաստանի արտգործ նախարարը (այդ ժամանակ ԱԺ նախագահ) թուրքական գործակալ է։ Հիմնավորում են, թե ՔՊ-ն թուրք-ադրբեջանական ֆինանսավորմամբ գործող Սորոսի հիմնադրամի դուստր կազմակերպությունն է։ Փաստերով ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է Թ․ Էրդողանի եւ Ի․ Ալիեւի շահերը ու իբրեւ թե ուղիղ կապով կամ էլ նամակներով նրանցից հանձնարարություններ ու գումարներ է ստանում։
Կրթված մարդկանց այս պնդումները վստահաբար զավեշտալի կթվան, բայց ի՞նչ եք կարծում, անկիրթ, արխաիկ մտածողությամբ եւ միֆերի գերի դարձած զանգվածների միջավայրում այս հռետորաբանությունը արդյոք չէ՞ր կարող նստվածք թողնել։ Վստահաբար կարող էր։ Յուրաքանչյուր ոք կարող է հանգել տրամաբանական թվացող հետեւյալ շղթային․ եթե երկրի վարչապետը դավաճան է, եթե հողերն ի սկզբանե ծախված են եղել, ապա ինչո՞ւ ես էլ չունենամ իմ մասնաբաժինը։
Ընդդիմության արատավոր հռետորաբանությունից անդին հասարակության եւ բանակի բարոյալքման գործում պատասխանատվության շատ ավելի մեծ չափաբաժին ունի իշխանությունը։ Ավելի մեծ, քանի որ նա իշխանություն է եւ, կարգավիճակով պայմանավորված, պարտավոր է շատ ավելի զուսպ ու հաշվենկատ լինել։ Գերագույն հրամանատարի խոսքը ագորայից բացի լսելի է նաեւ խրամատներում, եւ պարզ չէ, թե երբեմն տարերային դուրս թռած անմեղ խոսքը հոգեբանական ինչ ազդեցություն կարող է թողնել միջին վիճակագրական զինծառայողի վրա։
800 հեկտարը դրոշակ դարձրած Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները իշխանության գալուց ի վեր իրենց հռետորաբանությունը կառուցարկում են բանակի թալանի եւ գեներալներին պատկանող Մոնումենտի դղյակների հիմքի վրա։ Իսկ պատերազմում ծանր պարտությունից հետո դա հռչակվեց որպես ջախջախման առաջնային պատճառ։ Իբր թե նախկինները բանակը թալանել էին եւ ամեն ինչ ի սկզբանե հանձնել։
Քայքայիչ այս քարոզչությունը լայն թափ էր հավաքել դեռեւս Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ հրապարակ նետվեցին ԳՇ պետ Խաչատուրովի բիլիարդ խաղալու, զինվորների՝ բահերով կռվելու եւ փամփուշտներ չունենալու միֆերը։ Քարոզչության գագաթնակետը «Տուշոնկա» օպերացիան էր, երբ Արցախյան առաջին պատերազմի հերոս Մանվել Գրիգորյանը ներկայացվեց տուշոնկա գողացողի ողորմելի կերպարով։ Փաստն այդ իհարկե շոկային թերապիա էր, եւ հասարակությունն այն աստիճան էր ցնցված, որ հետագայում քչերը ուշադրություն դարձրին, որ գեներալի մեղքն այդպես էլ չի ապացուցվել։
Գրիգորյանն իհարկե սուրբ չէ, նրան հազար ու մի հանցագործության մեջ կարելի է մեղադրել, ընդհուպ մարդակերության, բայց Փաշինյանն իրավախախտ գեներալին պատժելու փոխարեն նախընտրեց փոշիացնել նրա պատերազմական լեգենդը։ Ֆիզուլի գրավող 5-րդ բրիգադի հրամանատարին րոպեների ընթացքում սերմացու գողացող շարքային մի կրծող դարձրին։ Բանակում ծառայածները լավ գիտեն, թե ինչ հեղինակություն էր գեներալ Գրիգորյանը զինվորների եւ սպաների համար, խրամատներում նրա մասին իրական ու հորինված ավանդազրույցներ էին պատմում, թե ինչեր է արել, ոնց է կռվել եւ այսպես շարունակ։ Այդպես էլ որեւէ մեկը չհասկացավ, թե ինչու փաշինյանական ընտրովի արդարադատությունը թիրախավորեց առաջինը հենց Մանվել Գրիգորյանին։
Հարյուր տարի հայ պատմագիտությունը խնայել ու քողարկել է Անդրանիկի, Դրոյի, Նժդեհի, Դանիել Բեկ-Փիրումյանի, Նազարբեկյանի մեղքերը, որ ցեղասպանված եւ հաշմված այս ժողովուրդն ինչ-որ հերոսներ ունենա։ Գրիգորյանն այս շարքում ամենամեղսավորը չէ, ոչ էլ զիջում է ծառայություններով, մի՞թե Փաշինյանը գոնե հանուն Հայաստանի Հանրապետության չէր կարող պահպանել նրա լեգենդը։
Տրամաբանական հարց է առաջանում, պատերազմի ժամանակ բիլիարդ խաղացող շտաբի պետի, թալանչի, դղյակներ կառուցող գեներալների, տուշոնկա գողացող Մանվել Գրիգորյանի, բուկլետ բաժանող Օնիկ Գասպարյանի վերաբերյալ քարոզչական ճղճիմ թեզերը արդյոք չէի՞ն կարող խոր եւ անդառնալի նստվածք թողնել բանակում։ Արդյոք ինչ-որ մեկը չէ՞ր կարող հանգել հետեւյալ տրամաբանական շղթային․ եթե գեներալները գող ու ավազակ են, եթե վարչապետը դավաճան է, ապա ի՞նչ իմաստ ունի իմ ծառայությունը, հետեւաբար կարելի է նաեւ փող աշխատել։
Այս համատեքստում կարող է ի հայտ գալ մի փոքր այլ տրամաբանական շղթա․ վարչապետը դավաճան է, գեներալները՝ գող, ի՞նչ իմաստ ունի հակառակորդին դիմադրելն ու դատարկ արժեքների համար արյուն թափելը, կարելի է գերի հանձնվել։ Հիշեցնենք, որ մենք մասսայաբար գերի հանձնվելու առնվազն երկու խայտառակ դեպք ունենք, ինչը նույնպես ուղիղ հետեւանքն է ձեւավորված արատավոր եւ գաղափարազուրկ իրավիճակի։
Պակաս ազդեցություն չունի նաեւ առանց բայցերի խաղաղության քարոզչական թեզը, որը նույնքան կործանարար է, որքան ոչմիթիզականությունը ժամանակին։ Փաստացի դա Հայաստանի գոյությունը բացառող, պայքարի ոգին կազմաքանդող աղանդ է, որն անխուսափելիորեն հանգեցնում է արժեքային նիհիլիզմի։ Այսինքն՝ հանուն Հայաստանի պայքարը դիտարկվում է որպես անհեթեթ քմահաճույք, եւ առաջնային պլան են մղվում անհատի եսասիրական կոնֆորմիզմն ու հանուն դրա ամեն ինչ զիջելու պատրաստակամությունը։
Եթե ռազմահայրենասիրական շիզոֆրենիայի հետեւորդներն առաջարկում էին հրդեհել Հայաստանը հանուն պատրանքների, ապա սրանք պատրանք են դարձնում հենց Հայաստանը։ Երկու այս հոսանքների կործանարար ներգործությունը բնականաբար վճռական դեր է խաղում անհատի հոգեւոր աղճատման եւ նրա ընկալումներում պետությունն իմաստազրկելու համար։
Ամփոփելով շարադրանքը՝ նշենք, որ իշխանությունն ու ընդդիմությունը փաստացի տարիներ շարունակ իրենց քայքայիչ քարոզչությամբ բարոյալքել եւ գաղափարապես զինաթափել են հայ ժողովրդին։ Նրանց կողմից ձեւավորված միֆական-դիցաբանական միջավայրում, ուր վխտում են դավաճաններն ու թալանչիները, մարդիկ փոխակերպվել են արխաիկ մտածողությամբ կենցաղային սպառողների՝ զրկված կասկածելու, մտածելու, տարբերակելու կարողություններից։ Իսկ միֆական մտածողությամբ անհատը մշտապես հակված է դեպի հիմնախնդիրների բարդ լուծումները, որտեղ անպայման պետք է քողարկված, ստվերային ու դավադիր իմաստներ ու պայմանավորվածություններ լինեն։
Այսինքն՝ կամայական խնդրի հեշտ ու ռացիոնալ լուծումը դիտարկվում է անհնար, եւ պարզ թվաբանությունը փոխարինվում է մոգությամբ եւ կախարդությամբ։ Արժեքային նիհիլիզմը, հավատի կորուստը, անհատ-պետություն փոխհարաբերությունների կազմաքանդումը մարդկանց կանգնեցնում են բարդ երկընտրանքների առջեւ։ Առաջինն իրեն դուրս է դնում հանրային կյանքից ու համակեցությունից՝ քաղաքականությունը դիտարկելով որպես ստի եւ չարի աղբյուր, երկրորդը որոշում է արտագաղթել՝ կորցնելով հավատը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, երրորդը փորձում է օգուտներ քաղել՝ մարդկային արյունը դիտարկելով որպես եկամտի միջոց, չորրորդն էլ ընտրում է դավաճանության ուղին՝ հայրենիքը վաճառելով երկու հազար դոլարով։
Ռազմահայրենասիրական շիզոֆրենիայից դեպի առանց բայցերի խաղաղություն ձգվող, երեւակայական դավաճանների եւ պոզավոր թալանչիների կողմից ոտնակոխ ճանապարհը չէր կարող այլ տեսք ունենալ, չէր կարող չլինել այսքան այլանդակ ու տձեւ։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։