Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ վստահեցրել է, որ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը «շատ ավելի անվտանգ է լինելու»։
Հարությունյանը շեշտել է, որ նոր մայրուղու ընտրության հարցով քննարկումներին մասնակցել է նաեւ Ստեփանակերտը։
«Մենք ընտրել ենք մեզ համար լավագույն տարբերակը։ Կան գաղտնիքներ, որոնք չեմ ուզում այստեղ բարձրաձայնել, ինչո՞ւ ենք ընտրել այդ տարբերակը՝ հենց հիմք ընդունելով անվտանգային մեր խնդիրը»,- ընդգծել է Արցախի նախագահը։
Նա հավելել է, որ ճանապարհի կառուցվելուց հետո դրա որակի, անվտանգության վերաբերյալ Ստեփանակերտն իր կարծիքը կհայտնի։
Ըստ 2020-ի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության՝ երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ պիտի հաստատվի։ Ադրբեջանն արդեն ավարտում է Լաչինի բնակավայրերը շրջանցող ճանապարհի շինարարությունը, հայկական կողմը դեռ չի սկսել։
Շաբաթվա սկզբին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին՝ այդպիսով, ըստ էության, հաստատելով, որ Բերձորը, Աղավնոն եւ Սուսը անցնելու են Ադրբեջանին։