Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Չմիավորման շարժման խորհրդարանական ցանցի համաժողովի բացմանը հայտարարել է, որ Հայաստանի եւ մի շարք երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու փորձերը հակաարդյունավետ են եւ կործանարար Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի համար։
«Ադրբեջանը ռազմաքաղաքական միջոցներով վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարիքը չկա, մենք նրան հրաժեշտ ենք տվել։ Իսկ Հայաստանը եւ մի շարք երկրներ ձգտում են վերականգնելու, բայց դա անհնար է, ԵԱՀԿ Մինսկի խումբը մեռած է»,- շեշտել է Ադրբեջանի նախագահը։
Ալիեւը պնդել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ ցանկացած հետագա շահարկում ոչ միայն հակաարդյունավետ է, այլեւ կործանարար տարածաշրջանում հնարավոր խաղաղության համար։
Հունիսի 29-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել էր, որ ներկայում ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահն է Պետդեպարտամենտի Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Լորա Հոքլան։ ԱՄՆ Պետքարտուղարությունն իր հերթին հայտնել է, որ Հոքլան զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: