Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի եւ Իրանի մշակույթի նախարարները քննարկել են Արաքս գետով անցնող Խուդաֆերինի կամրջի համատեղ վերականգնման հնարավորությունը։
Մասնավորապես ասվում է՝ «քննարկվել է Խուդաֆերինի կամրջի համատեղ վերականգնման համար փոխըմբռնման հուշագրի ստորագրման հարցը»։
Իրանի սահմանին՝ Ջեբրայիլի շրջանում գտնվող Խուդաֆերինի կամուրջն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Մինչեւ պատերազմը, չնայած Բաքվի բողոքի նոտաներին, Թեհրանի ֆինանսական միջոցներով Արաքս գետի այդ հատվածում կառուցվել էին ջրամբար եւ էլեկտրակայան, սակայն այդ տարածքների նկատմամբ հաստատված հայկական վերահսկողության փաստը հետ էր պահում Իրանին դրանք շահագործելու մտքից։
Պատերազմի ավարտից հետո ադրբեջանցի եւ իրանցի պաշտոնյաները հայտարարեցին, որ արդեն Խուդաֆերինի ջրամբարն ու էլեկտրակայանը կարող են միասնաբար օգտագործել։
Դեռ 2020-ի դեկտեմբերին` 44-օրյա պատերազմից մի քանի ամիս անց, ռուսական «Վեստնիկ Կավկազա» պարբերականը հայտնել էր, որ Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանը Ադրբեջանի վարչապետ Շահին Մուստաֆաեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ազատագրված տարածքներում հիդրոէլեկտրակայան կառուցելու պատրաստակամության մասին: Քննարկումներ են ծավալվել Խուդաֆերինի եւ «Գիզ գալասիի» հիդրոհանգույցների շահագործման վերաբերյալ:
2021-ի ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Մելիորացիայի եւ ջրի կառավարման» երկրի կառավարությանը հանձնարարել է քննարկել ԼՂ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում ջրամբարներ կառուցելու հնարավորությունը:
Ալիեւը նշել էր, որ այդ տարածքներում ջրի ամենախոշոր աղբյուրներն են Իրանի սահմանի «Գիզ Գալասի», ինչպես նաեւ 1 միլիարդ 600 միլիոն խորանարդ մետր ծավալ ունեցող «Խուդաֆերինի» ջրամբարները:
«Խուդաֆերինի պաշարն օգտագործելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ենթակառուցվածքներ։ Ջուրը Զանգելան, Ջեբրայիլ, Ղուբաթլի եւ այլ շրջաններ փոխադրելու համար պետք է կառուցել ջրանցքներ: Դա հսկայական ներուժ է»,- այն ժամանակ ընդգծել էր Իլհամ Ալիեւը:
Ալիեւը շեշտել էր, որ ավելի քան 10 գետերի ակունքներ Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներում են: