Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի նպատակը Ուկրաինայի վերաբերյալ չի փոխվել, թերեւս մարտավարությունը կարող փոփուխությունների ենթարկվել:
«Ես հայտարարություն եմ արել փետրվարի 24-ի առավոտյան՝ հրապարակային՝ ուղղված ամբողջ երկրին։ Ավելացնելու բան չունեմ։ Ոչինչ չի փոխվել։ Մարտավարությունն առաջարկել է պաշտպանության նախարարությունը՝ որտեղ տեղակայել զորքը, ինչպիսի թիրախներ խոցել»,- ասել է Կրեմլի ղեկավարը՝ պնդելով, որ ռուսական զորքն Ուկրաինայում հասնում է իր նպատակներին։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ «հատուկ ռազմական գործողության» վերջնանպատակը Դոնբասի, այնտեղ բնակվող մարդկանց պաշտպանությունն ու Ռուսաստանի անվտանգության երաշխիքների համար պայմանների ստեղծումն է։
ժամկետների մասին երբեք չեմ խոսում
Պատերազմական գործողությունների ավարտի ժամկետների վերաբերյալ հարցին ի պատասխան Պուտինն ասել է, որ ժամկետների շուրջ խոսելու կարիք չկա։ «Ես ժամկետների մասին երբեք չեմ խոսում, քանի որ դա կյանքն է, դրանք իրական բաներ են եւ ինչ-որ ժամկետների մեջ տեղավորելը սխալ է»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
«Դա պայմանավորված է մարտական գործողությունների սաստկությամբ, ինչն իր հերթին ուղղակիորեն կապված է հավանական կորուստների հետ։ Իսկ մենք նախեւառաջ պիտի մտածենք մեր տղաների կյանքը պահպանելու մասին»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ «հատուկ ռազմական գործողության» ընթացքը վստահել է արհեստավարժ զինվորականներին, որոնք գործում են այնպես, ինչպես ճիշտ են համարում՝ վերջնական նպատակին հասնելու համար։ «Իհարկե, ես գերագույն գլխավոր հրամանատարն եմ, բայց ի վերջո Գլխավոր շտաբի ակադեմիան հո չե՞մ ավարտել»,- եզրափակել է Պուտինը։
Փորձելով վերծանել «ապաազգայնականացում» բառը
Փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը կորոշի Ուկրաինայի ապառազմականացման ՌԴ հատուկ գործողության ժամկետը, որը կախված կլինի գործողության արդյունավետությունից ու նպատակահարմարությունից:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հավելել էր, որ գործողության նպատակը Ուկրաինայի ապաազգայնականացումն է։ Փորձելով վերծանել «ապաազգայնականացում» բառը՝ Պեսկովը լրագրողներին ասել էր, թե դա «Ուկրաինան ազգայնականներից, ազգայնական տրամադրվածություն ունեցող մարդկանցից եւ գաղափարախոսությունից ազատագրելու ծրագիրն է, ինչպես նաեւ Կիեւի ռազմական ներուժի չեզոքացումը»։