Միացյալ Թագավորության կառավարությունը կես միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրին՝ Հայաստանին եւ Ադրբեջանին տարածքների ականազերծման հարցում աջակցելու համար:
Միացյալ Թագավորության կառավարությունից հայտնել են, որ հատկացված գումարի միջոցով եւ տարածքն ավելի ապահով դարձնելու, վիրավորումներից խուսափելու ու կյանքեր փրկելու նպատակով կիրականացվեն կենսական նշանակություն ունեցող վերապատրաստումներ, կտրամադրվի փորձագիտական խորհրդատվություն։
«Միացյալ Թագավորության այս ներդրման շնորհիվ հնարավորություն կընձեռվի օգտագործելու ՄԱԿ-ի փորձառությունը, նվազեցնելու Հայաստանում եւ Ադրբեջանում քաղաքացիական կյանքին սպառնացող ռիսկերն ու օգնելու մարդկանց՝ կառուցելու իրենց կյանքը»,- նշել է ՄԹ Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլեւերլին:
Նախարարը Հայաստանին ու Ադրբեջանին հորդորել է ստորագրել հակահետեւակային ականների արգելման ՄԱԿ-ի կոնվենցիան:
«Իշխանություններին հորդորում ենք ապահովել, որ ՄԱԿ-ն ու մարդասիրական մյուս կազմակերպությունները կարողանան լիարժեքորեն աջակցել խաղաղությանն ու զարգացմանը ամբողջ տարածաշրջանում»,- շեշտել է Ջեյմս Քլեւերլին:
Քառասունչորսօրյա պատերազմից հետո Միացյալ Թագավորությունը 2021-ին արդեն իսկ կես միլիոն ֆունտ ստեռլինգ էր հատկացրել Լեռնային Ղարաբաղում եւ ԼՂ-ի շուրջ ականազերծման աշխատանքներին աջակցելու նպատակով: