Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի համար ներկայում մշակվող ռազմավարության մասին արդեն հրապարակվել են մի քանի հոդվածներ, որոնցից վերջինը կենտրոնացած էր հանքերի էքսպանսիոն տարածման համար գործող բոլոր սահմանափակումների վերացման խնդրի վրա։
Այս հոդվածով ներկայացնելու եմ նշված ռազմավարության մեջ տեղ գտած ավելի ֆունդամենտալ խնդիր, որն է՝ սեփականության իրավունքի, այդ թվում՝ մասնավոր սեփականության նկատմամբ հանքարդյունաբերական ընկերությունների անզուսպ հավակնությունը։ Կխոսենք նաեւ պետության վրա դրվող անհամաչափ պարտավորությունների մասին, որը փաթեթավորված է «ներդրումային միջավայրի բարելավման» վերաբերյալ պարզունակ ձեւակերպումներով։
Առհասարակ Հայաստանում շատ քիչ են ոլորտային հարցերի վերաբերյալ մասնագիտական վերլուծություններն ու փորձագիտական կարծիքները։ Հատկապես կլիմայական ցնցումների մեր ժամանակաշրջանում էկոլոգիական, առողջապահական, քաղաքաշինական, տնտեսական մարտահրավերների մասին որակյալ նյութերը կրիտիկական կարեւորություն ունեն։ Ցավալիորեն, հանքարդյունաբերության զարգացման այս ռազմավարության վերաբերյալ եւս մամուլում չկան խորքային մասնագիտական վերլուծություններ եւ այլընտրանքային կարծիքներ, ինչը կստիպեր առավել պատասխանատու եւ բալանսավորված մոտենալ հանրության համար զգայուն հարցերին։ Ես կարող եմ ներկայացնել իրավական, ինստիտուցիոնալ եւ որոշ սոցիալական ու բնապահպանական հարցեր, սակայն կոմպետենտ չեմ մասնագիտական դիրքերից խոսել երկրաբանական, ֆինանսական, տնտեսագիտական, ներդրումային հարցերում գիտելիք պահանջող խնդիրների մասին, որոնք նշված ռազմավարության բաղադրիչներից են եւ հաստատապես բալանսավորման կարիք ունեն։
Հատկանշական է, որ տարբեր ժամանակներում արդեն իսկ իրականացվել են հետազոտություններ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում արվող «ոչ մաքուր» ներդրումների մասին՝ կասկածի տակ դնելով այդ որակի ներդրումների օրինականությունն ու մեր երկրի համար դրա անհրաժեշտությունը, սակայն քննարկվող ռազմավարությամբ նույն՝ կոռուպցիոն ծագմամբ ներդրումների խնդիրն ընդհանրապես դիտարկված չէ։
Կան բազմաթիվ հետազոտություններ ոլորտում գործող ընկերությունների կոռուպցիոն կապերի, դրանց համար բարեվարքության (due diligence) չափանիշների մշակման անհրաժեշտության մասին, որպեսզի մեկ ամիս առաջ հիմնադրված պատահական մի ՍՊԸ, իր հիմնադիրների կոռուպցիոն կապերն օգտագործելով, չկարողանա սողոսկել սոցիալական հսկայական պատասխանատվություն պահանջող հանքարդյունաբերության ոլորտ։
Որոշ անկախ հետազոտական նյութերում խոսվում է երկրի համախառն ներքին արդյունքում հանքարդյունաբերության ոլորտի անհասկանալի փոքր մասնաբաժնի, արդյունաբերական նախագծերի օգուտների եւ վնասների գնահատման չափորոշիչների անհրաժեշտության եւ նման հարցերի մասին։ Միջազգային ֆինանսական կառույցները, որոնցից է նաեւ այս ռազմավարության մշակման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերող Համաշխարհային բանկը, ունեն կլիմայական գործոնների ազդեցության պարտադիր դիտարկման գրավոր քաղաքականություններ։ Ավելին՝ նրանց կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է հաշվի առնեն իրենց կլիմայական քաղաքականությամբ ամրագրված պահանջները։
Այնուհանդերձ, նշածս հետազոտություններով վեր հանված գնահատականները որեւէ կերպ չեն պրոյեկտվում հանքարդյունաբերության մշակվող ռազմավարության վրա։ Ռազմավարության գրականության ցանկում ընդգրկված նյութերը խիստ սահմանափակ են, հիմնականում արտացոլում են հանքարդյունաբերական ոլորտի բիզնես շահերը եւ չեն ապահովում ոլորտի համապարփակ կարգավորման համար բավարար եւ բազմակողմանի տեղեկատվական բազա։ Մշակվող ռազմավարության վերաբերյալ Հայաստանի մեդիա դաշտում փորձագիտական վերլուծությունների սուր պակասը թույլ է տվել, որ մի ոլորտի ներկայացուցիչներ իրենք իրենց համար մշակեն իրենց շահերը հանրային, պետական եւ այլ մասնավոր շահերից վեր դասող, ակնհայտ հակասահմանադրական դրույթներ նախատեսող «ռազմավարական» փաստաթուղթ։
Հետո այդ փաստաթղթից բխող կարգավորումները կհրամցվեն հանրությանը որպես պետական քաղաքականություն եւ օրենսդրական կարգավորումներ ու մարդկանցից կպահանջեն իրենց պատկանող հողի ու անշարժ գույքի նկատմամբ իրավունքները հանձնել հանքարդյունաբերական ընկերություններին։ Չանելու դեպքում պետական մարմիններից կպահանջեն ուժային մեթոդներով ապահովել ուրիշի գույքի նկատմամբ իրենց «օրինական» իրավունքները, կսպառնան միջազգային արբիտրաժներով, ներդրումային միջավայրի վատթարացմամբ ու շանտաժի այլ գործիքներով, որի նախադեպն արդեն կա՝ գիտեք։
Ընդերքօգտագործողները կստանան հողի եւ այլ անձանց գույքի նկատմամբ իրավունքներ
Քննարկվող ռազմավարական փաստաթղթով առաջարկվում է օրենքով ամրագրել, որ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ ընկերությանը տրամադրվի նաեւ ընդերքի տեղամասի վրա գտնվող հողի նկատմամբ իրավունքները։ Ավելին՝ առաջարկվում է, որ ընդերքօգտագործման ծրագրի իրականացման համար երրորդ անձանց անշարժ գույքի նկատմամբ նույնպես ընդերքօգտագործող ընկերությունը ստանա սերվիտուտի իրավունք ընդերքօգտագործման պայմանագրի կնքման պահից։
Որպեսզի հասկանանք, թե սա ինչ է նշանակում, նախ հակիրճ ներկայացնեմ գործող ընթացակարգը։ Պետության կողմից մասնավոր ընկերություններին արդյունահանման նպատակով տրամադրվող օգտակար հանածոները խոր ընդերքում են, որոնց վրա կա հողաշերտ։ Ընդերքում՝ բնական պաշարների վրա գտնվող հողերը սովորաբար ունեն տարբեր սեփականատերեր, որոնք հաճախ մասնավոր քաղաքացիներ են կամ համայնքներ։ Հաշվի առնելով, որ հողի եւ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն ամուր պաշտպանված է Հայաստանի Սահմանադրությամբ, Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերով եւ ընթացիկ օրենսդրությամբ, ընդերքօգտագործման իրավունք ստացած մասնավոր ընկերությունը ներկայում ինքը պետք է հոգա արդյունահանման ենթակա օգտակար հանածոյի վրա գտնվող հողատարածքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու հարցը։ Դրա համար ընկերությունը պետք է բանակցի հողերի սեփականատերերի հետ եւ փորձի գալ համաձայնության, ինչպես կաներ ցանկացած այլ ոլորտում բիզնես նախաձեռնություն ունեցող սուբյեկտ։ Հասկանալի է, որ այդ պրոցեսում սեփականատերերի հետ կարող են լինել անհամաձայնություններ. մեկն այգի է տնկել եւ չի ուզում վաճառել, մյուսը բարձր գին է առաջարկում եւ այլն։ Հասկանալի է, որ հանքատերերն այս պրոցեսում բախվում են որոշ դժվարությունների, ինչը շատ բնական է։ Բայց պետք է հասկանալ, որ չկա ուրիշին պատկանող սեփականությանը տիրանալու այլ օրինական ճանապարհ։ Սեփականության իրավունքի պաշտպանությունն ունիվերսալ իրավունք է։
Հայաստանում ներկայում գործող միակ մեխանիզմը, որի միջոցով սեփականատիրոջ կամքին հակառակ նրա գույքը կարող է վերցվել, այսպես կոչված, հանրային գերակա շահի մեխանիզմն է, որն իրավական առումով չափազանց խնդրահարույց է։ Թեղուտի հանքավայրի համար այս մեխանիզմով վերցված հողերի սեփականատերերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով ստացել են խոշոր փոխհատուցումներ, ինչն էլ ոլորտի ներկայացուցիչներին ստիպում է այլ մեխանիզմներ փնտրել։
Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարության հեղինակներն էլ նստել, մտածել են ու որոշել, որ դա իրենց հոգսը չէ, այսուհետեւ պետությունը պետք է դրա համար պատասխանատվություն ստանձնի։ «Ներդրումային գրավիչ միջավայր ձեւավորելու» նպատակով առաջարկում են մշակել անհրաժեշտ իրավական կարգավորումներ եւ դրանց միջոցով ներդնել հողօգտագործման եւ ընդերքօգտագործման իրավունքների համալիր եւ միաժամանակյա տրամադրման մեխանիզմ։ Այլ կերպ ասած՝ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ միաժամանակ պետությունը պետք է ստանձնի պարտավորություն ընկերությանը տրամադրելու նաեւ դրա վրա գտնվող հողի նկատմամբ իրավունքները՝ անկախ նրանից, թե այդ հողը ում սեփականությունն է։ Զուգահեռաբար առաջարկվում է նաեւ հանքարդյունաբերության համար սահմանել հողամասի նպատակային նշանակության փոփոխության պարզեցված ընթացակարգ, ինչպես նաեւ ընդերքօգտագործման ծրագրի իրականացման համար երրորդ անձանց անշարժ գույքի նկատմամբ ընդերքօգտագործողի հատուցելի սերվիտուտի իրավունք ընդերքօգտագործման պայմանագրի կնքման պահից։
Թույլ տվեք միանշանակորեն պնդել, որ այսօրինակ մոտեցումներն ակնհայտորեն հակասահմանադրական են եւ անգամ իրավական ակտի տեսք ստանալու դեպքում չեն կարող կիրառելի լինել։
Հողօգտագործման իրավունքի միաժամանակյա տրամադրման ընթացակարգի հարցում բացակայում են մոտեցումները, թե ինչ իրավական հիմքով եւ մեխանիզմով է ընդերքօգտագործման թույլտվություն տրամադրող պետական մարմինը ձեռք բերելու մասնավոր կամ համայնքային հողը, որպեսզի ընդերքօգտագործման իրավունքի հետ միաժամանակ հատկացնի ընդերքօգտագործողին։ Բացակայում են նաեւ դատողություններն առ այն, թե ինչ իրավական հետեւանքներ կարող են պետության համար առաջանալ, եթե պետական մարմինը չկարողանա պատշաճ կերպով իրականացնել մասնավոր հողերի ձեռքբերման եւ ընդերքօգտագործողին հատկացնելու պայմանը, կամ եթե հողի սեփականատերը դատական կարգով վիճարկի եւ շահի դատական գործը։ Ակնհայտ է, որ այս դեպքում ընկերությունը պետք է շուկայական գներով հաշվարկի ինչ-որ վնասներ, որն իբր կրել է հանքավայրը շահագործելու հնարավորությունից զրկվելու պատճառով, ապա պետությանը շանտաժի ենթարկի՝ պահանջելով կա՛մ ամեն գնով իրեն տրամադրել այլ անձանց պատկանող հողի եւ անշարժ գույքի նկատմամբ իրավունքները, կա՛մ իր ակնկալած օգուտի չափով «վնասների փոխհատուցում»։
Ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասի ձեռքբերման պարտավորությունը կարող է ընկած լինել բացառապես ընկերության վրա, որն անհրաժեշտ հողամասերը ձեռք բերելու համար կարող է միայն ընդհանուր հիմունքներով սկսել հողամասերի սեփականատերերի հետ բանակցելու գործընթաց։ Ռազմավարական փաստաթղթերի հավելվածներով նկարագրված տարբերակներով առաջարկվում է հարցը լուծել կա՛մ հանրային գերակա շահի մեխանիզմի կիրառմամբ, կա՛մ ավելի նախընտրելի մի նոր մոդելի միջոցով։ Այն է՝ «խնդրի կարգավորումն իրականացնել հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու ճանապարհով, որոնցով կնախատեսվեն դատարանի վճռի հիման վրա հարկադիր կարգով հողօգտագործման պայմանագրի կնքում այն դեպքում, երբ ընդերքօգտագործողը եւ հողամասի սեփականատերը (օգտագործողը) բանակցությունների արդյունքում չեն գա փոխադարձ համաձայնության»։
Այս մեխանիզմը ելնում է կանխավարկածից, որ դատարանը որոշումը կայացնելու է հօգուտ ընդերքօգտագործողի։ Առաջանում է իրավական կազուս․ եթե դատարանը ընդերքօգտագործողի ակնկալիքներին հակառակ որոշում կայացնի, ստացվում է՝ ընդերքօգտագործողը կարող է պետությունից պահանջել իր կրած վնասների փոխհատուցում, քանի որ ըստ ռազմավարության հեղինակների՝ օրենքով պետության վրա է դրված լինելու ընդերքօգտագործման իրավունքի հետ միաժամանակ հողային իրավունքների տրամադրման պարտավորությունը։ Այս մոտեցումը ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական առումով բացարձակ անհեթեթություն է։
Ընդերքօգտագործման եւ հողօգտագործման համալիր եւ միաժամանակյա տրամադրման միակ մեխանիզմը կարող է լինել այն հաջորդականությամբ, որ պետական մարմինը չտրամադրի ընդերքօգտագործման իրավունք, քանի դեռ ընդերքօգտագործողը օրենքով սահմանված կարգով ձեռք չի բերել պոտենցիալ ընդերքի տեղամասի վրա գտնվող/հայցվող հողամասերի նկատմամբ անհրաժեշտ իրավունքները, քանի որ այդ իրավունքը պետությունը չի կարող ընդերքօգտագործողի համար ապահովել որեւէ իրավական ընթացակարգով, նույնիսկ ինչ-որ օրենքներում փոփոխություններ կատարելու միջոցով։ Դա անհամատեղելի կլինի սահմանադրականության եւ միջազգային իրավունքի տեսանկյունից։
Միեւնույն ժամանակ հողերի նպատակային նշանակության փոփոխության, ինչպես նաեւ այլ հողային իրավունքների կարգավորումները ունիվերսալ են եւ չեն կարող լինել ոլորտային կարգավորման առարկա։ Ինչո՞վ է հանքարդյունաբերությունը առավել, օրինակ՝ շինարարությունից կամ բիզնեսի այլ տեսակներից, որ հենց հանքարդյունաբերության զարգացման համար պետք է հողային օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով կատարվեն առանձնահատուկ կարգավորումներ՝ այն էլ այսպիսի կոպիտ մեթոդներով ոտնձգություն կատարելով սեփականության իրավունքի նկատմամբ։
Այս իրավիճակում թերեւս ամենացավալին ու անհասկանալին այն է, որ այսպիսի ձեւակերպումներով փաստաթուղթն արդեն ավարտական փուլում է։ Այսինքն՝ իրավասու պետական գերատեսչությունների ներկայացուցիչները կարդացել են նախագծի բոլոր նախնական տարբերակները եւ չեն առարկել պետության վրա այսպիսի բեռ դնելու եւ սեփականության իրավունքի նկատմամբ անսանձ հավակնություններին։
Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը վերջնական հաստատման համար դեռ պետք է ներկայացվի իրավասու պետական մարմիններին եւ վարչապետի գրասենյակ, որոնք տեսականորեն կարող են դիտարկումներ ներկայացնել։ Սակայն հաշվի առնելով այդ օղակներում մասնագիտական տեքստեր կարդալու եւ հասկանալու խնդիրը՝ կարծում եմ առանց հանրային ճնշման փաստաթուղթն այս տեսքով էլ հենց կընդունվի։ Նաեւ այս նպատակի համար է հարկավոր մեդիա դաշտում ունենալ ոլորտի տարբեր բաղադրիչներ ներառող վերլուծական հոդվածներ եւ այլ նյութեր։
Միեւնույն ժամանակ, հանքարդյունաբերության համալիր կանոնակարգման տեսանկյունից շատ կարեւոր է ունենալ իրապես հավասարակշռված եւ կենսունակ ռազմավարական փաստաթուղթ, ուստի այս փաստաթղթի ձախողումը բնապահպանների կամ քաղաքացիական հասարակության համար ամենեւին էլ հաղթանակ չէ, այլ ավելի շատ՝ կորսված հնարավորություն։
Տարիներ շարունակ մենք ենք պնդել, որ անհրաժեշտ է ընդերքօգտագործման ոլորտի համապարփակ կարգավում, եւ հիմա կա այդպիսի հնարավորություն։ Հետեւապես խնդիրը ոչ թե այն է, որ այս փաստաթուղթը չընդունվի, այլ արմատապես փոփոխվի եւ բալանսավորվի։
Արթուր Գրիգորյան
Սույն հոդվածը հրապարակվում է «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպության եւ Հայնրիխ Բյոլ hիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում:
Սույն հրապարակման բովանդակության համար պատասխանատու է միայն հեղինակը, եւ այն որեւէ կերպ չի կարող ընկալվել որպես Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի տեսակետ։