Խորհրդարանական իշխող խմբակցության նախաձեռնությամբ այսօր ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել: Օրակարգում «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի, Վահե Հակոբյանին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցն է:
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը խորհրդարանի նախագահին, փոխնախագահին կամ մշտական հանձնաժողովի նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը հստակ չի կարգավորում: Օրենքում միայն նշված է, որ նրանց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Կանոնակարգ օրենքը նաեւ մանրամասնել է, թե ինչ ընթացակարգով է քննարկվելու նախագիծը, եւ որ քվեարկությունը լինելու է փակ-գաղտնի:
Իսկ թե կոնկրետ որ դեպքերում կարող է խորհրդարանական խմբակցությունը նրանց հեռացնելու նախաձեռնությամբ հանդես գալ, պարզ չէ. հարցն ըստ էության թողնված է կամայական մենկաբանությունների դաշտում: ՔՊ-ն էլ, ահա, օգտվել է օրենսդրական այդ սողանցքից, եւ իր հիմնավորումներն է ներկայացրել:
Ըստ նրանց՝ Իշխան Սաղաթելյանը ԱԺ խորհրդի 25 նիստերից մասնակցել է միայն յոթին։ Ու թեեւ պարտավորվել է ապահովել համերաշխությունն ինչպես ԱԺ-ում, այնպես էլ հանրության շրջանում, հակառակը՝ հրահրել է բախումներ, օգտագործել ատելության խոսք, վիրավորել հանրությանը։ ՔՊ-ականները նաեւ մատնանշել են, թե կոնկրետ երբ, ինչ է ասել Սաղաթելյանը: Վահե Հակոբյանն էլ, ըստ ՔՊ նախագծի, 342 քվեարկություններից չի մասնակցել 194-ին, բացակայել ԱԺ խորհրդի 25 նիստերից 20 անգամ, հանձնաժողովի 27 նիստերից՝ 11 անգամ։ Այս հիմքերը բավական թույլ են, թեկուզ այն առումով, որ ընդդիմադիրները հայտարարել են բոյկոտի մասին, հետեւաբար՝ սա նրանց քաղաքական դիրքորոշումն է:
Հետաքրքիրն այն է, որ իշխանությունները խոսում էին ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու մտադրության մասին: Այս հարցում էլ հիմքերը բավարար են՝ մեկ կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելը կարող է պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմք դառնալ: «Հայաստան» խմբակցության տասը պատգամավոր հատել է այդ շեմը: Սակայն ՔՊ-ն որոշել է անհարգելի բացակայությունների պատրվակով առայժմ լուծել Իշխան Սաղաթելյանի ու Վահե Հակոբյանի հարցերը: Թե ինչու են այդպես վարվում, դեռ որեւէ մեկնաբանություն չի հնչել:
Ի դեպ, պարզ չէ՝ ինչու են իշխանությունները միայն Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու նախաձեռնությամբ հանդես գալիս այն դեպքում, երբ ընդդիմությանը բաժին է հասել եւս երկու մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոն, ու նրանց գործելաոճն էլ առանձնապես չի տարբերվել: «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գեւորգյանը Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարը: Արմեն Գեւորգյանն ինքն էլ տեւական ժամանակ հանձնաժողովի նիստերի չի մասնակցել: Նույնը նաեւ՝ Թագուհի Թովմասյանը: Բայց նրանց պաշտոնանկ անելու նախաձեռնություն առայժմ չկա:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե իշխանությունները որոշել են այսկերպ պատժել ու, քանի դեռ թույլ են, վերջնականապես «ջախջախել» ընդդիմությանը: Վերջինս, սակայն, ստեղծված իրավիճակից կարող է շահած դուրս գալ: Ի վերջո, սա քաղհալածյալի, հետապնդվողի կերպարի մեջ մտնելու հրաշալի առիթ է։
Բայց ընդդիմադիրներն ԱԺ փոխնախագահի եւ երեք մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները զբաղեցնում են ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ըստ Դոնթի բանաձեւի: Խորհրդարանի փոխնախագահին ու հանձնաժողովների նախագահներին հեռացնելուց հետո, միեւնույնն է, այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն ընդդիմությանն է:
Ավելին՝ օրենքը չի արգելում նույն մարդուն կրկին առաջադրել ԱԺ փոխանախագահի կամ ԱԺ մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում: Ըստ այդմ՝ ոչինչ չի խանգարի ընդդիմությանն Իշխան Սաղաթելյանին կրկին առաջադրել ԱԺ փոխնախագահ։
Ճիշտ նույնկերպ «Հայաստան» խմբակցությունը վարվում էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահի դեպքում՝ ամեն անգամ առաջադրելով Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Թեեւ իշխանական պատգամավորները չէին ընտրում Ղազինյանին, ընդդիմադիրները կրկին նրան էին առաջադրում, մինչեւ ՔՊ նախաձեռնությամբ փոփոխություններ արվեցին ԱԺ կանոնակարգում, եւ սահմանվեց, որ «եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, առաջադրում է նոր թեկնածու»: Իսկ ահա ԱԺ փոխնախագահի եւ հանձնաժողովի նախագահի դեպքում դեռ նման իրավակարգավորում չկա:
Այժմ մեծ է հավանականությունը, որ ընդդիմությունը կբոյկոտի այսօրվա արտահերթ նիստը։ Սաղաթելյանի ու Հակոբյանի պաշտոնանկությունից հետո ոչ մեկին չառաջադրի նրանց փոխարեն՝ ստեղծելով իսկապես աննախադեպ իրավիճակ։Թափուր կմնան առնացքային երկու պաշտոններ, եւ իշխանությունը վերստին ստիպված կլինի գտնել իրավիճակային լուծումներ:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: