ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ մոտ օրերս Վաշինգտոնը կհայտնի Ուկրաինային սպառազինության՝ ներառյալ հակահրթիռային պաշտպանության համակարգերի ոլորտում 800 միլիոն դոլարի չափով լրացուցիչ աջակցության մասին։
Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ Միացյալ Նահանգներն Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ հրետանի եւ զինամթերք, հակամարտկոցային ռադարներ եւ այլն։
«Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,- վստահեցրել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է նաեւ, որ Ռուսաստանը թանկ է վճարելու հարեւան երկրի տարածքի վրա հարձակվելու համար։ Բայդենը հավաստիացրել է՝ պատերազմը չի ավարտվի Ուկրաինայի պարտությամբ։
Ամերիկյան այս օգնությունը հատկացվում է ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի հաստատած աննախադեպ՝ 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթի շրջանակում։ Այդ գումարից 24 միլիարդ դոլարը կհատկացվի սպառազինության ձեռքբերման եւ ուկրաինական բանակի ֆինանսավորման համար։ Մնացած միջոցները կուղղվեն տնտեսական ծրագրերին, հումանիտար խնդիրների լուծմանը։
3,8 միլիարդ ֆունտ ստեռլինգի ընդհանուր օգնություն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր հերթին ենթադրում է, որ արեւմտյան ռազմական տեխնիկան եւ զինամթերքի օգնությամբ Ուկրաինայի զինված ուժերը դեռեւս ընդունակ են վերականգնելու փետրվարի 24-ից առաջ երկրում հաստատված իրավիճակը։
Ըստ բրիտանական Evening Standard պարբերականի՝ Մեծ Բրիտանիան լրացուցիչ 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ գումարի ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային:
«Ուկրաինային աջակցելու համար հատկացված գումարն ուղղվելու է Կիեւի պաշտպանական հնարավորությունների ամրապնդմանը՝ ներառյալ ՀՕՊ-ի ժամանակակից համակարգերը, անօդաչուները, նոր ինովացիոն սարքավորումը ռադիոէլեկտրոնային պայքարի համար եւ հազար միավոր կենսականորեն կարեւոր հանդերձանքը ուկրաինացի զինվորների համար»,- ասված է հայտարարության մեջ:
Այսպիսով՝ Մեծ Բրիտանիայի ընդհանուր տնտեսական եւ ռազմական օգնությունը Կիեւին 2022-ին կլինի 3,8 միլիարդ ֆունտ ստեռլինգ։