2021-ի օգոստոսի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Շուշիում հայտարարեց․ «Մենք եկանք այստեղ որպես հաղթական ժողովուրդ։ Մենք չենք եկել բանակցությունների միջոցով՝ որպես զիջում Հայաստանի կողմից, այլ եկել ենք արյուն թափելով, նահատակներ տալով, ցույց տալով անձնազոհություն մարտի դաշտում, վերականգնելով մեր տարածքային ամբողջականությունն ու մեր ազգային արժանապատվությունը»։
«Ազգային արժանապատվություն» դրույթը քիչ բան չի ասում, թե ինչու տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը։ Աշխարհի բոլոր ժողովուրդները ազգ դառնալու ճանապարհին արձանագրում են հաղթանակներ։ Քրդերն, օրինակ, առ այսօր այդպիսի հաղթանակի չեն կարողանում հասնել։ Աջակիցներ չունեն, կամ բավարար ուժ չկա, թեեւ կամքը կա։
Այդպիսի հաղթանակի չեն կարողանում հասնել կատալոնցիները։ Շոտլանդացիները փորձում են ժամանակ առ ժամանակ։ Ռուսաստանում՝ չեչենները։ Ադրբեջանում՝ լեզգիները։ Ի տարբերություն բոլոր այս ազգերի՝ Ադրբեջանն արդեն ֆորմալ պետություն էր, բայց հաղթանակներ չուներ։ Հետեւաբար մինչեւ 44-օրյա պատերազմը նրա համար դժվար էր խոսել կայացած ազգային արժանապատվության մասին։ Հայաստանը տվեց նրան այդ հնարավորությունը։ Այլ խոսքով՝ Ադրբեջանի ազգային արժանապատվության հեղինակը Հայաստանն է։
Բայց մի փոքր խնդիր կա։ Ադրբեջանը չափազանց հետեւողական գնաց դեպի սեպտեմբերի 27-ը։ Հայաստանը դա բացարձակապես չէր նկատում։ Հայաստանը պնդում էր, որ բանակցություններով կարող է առնվազն պահպանել ունեցածը կամ գոնե հասնել Լեռնային Ղարաբաղի անկախության։ Այսօր դրանցից ոչ մեկը Հայաստանը չունի՝ ներառյալ ազգային արժանապատվությունը։
Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, որ ինքը չէր կարող կանխել այս պատերազմը։ Բայց ժողովուրդը պետք է իմանար այդ մասին։ Մեկը պիտի լիներ, որ ժողովրդին ասեր՝ մոռացե՛ք բանակցային ճանապարհով Ղարաբաղը պահելու մասին, մոռացե՛ք, որ սպասվող պատերազմում Հայաստանը կարող է պահպանել եղածը եւ նույնիսկ նվազագույն կորուստներով դուրս կգա։
Ոչ ոք դա չասաց։ Իլհամ Ալիեւն ասում է։ Նա ասում է, որ մտադիր չէր բանակցություններով տիրանալ նրան, ինչը պատերազմում նվաստացումներով էր կորցրել։
Նրա հայրը մի անգամ խորհրդարանում հայտարարել էր՝ ո՞վ ենք մենք՝ ադրբեջանցիներս։ Այսինքն՝ նա հենց ազգ ձեւավորելու խնդիր է դրել պետության առաջ։ Իլհամ Ալիեւը Շուշիում հայտարարեց (ակնարկելով), որ հայերին մատների վրա խաղացրել է, որպեսզի հանկարծ բանը ինքնակամ զիջումներին չհասնի։
Ալիեւին պետք էր պատերազմ, որպեսզի ադրբեջանցի ժողովրդին դարձնի ազգ։
Եվ երբ իշխանության գալով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը լուծվել է հայ ժողովրդի հաղթանակով, նա ինչ-որ իմաստով ներկայացնում էր ադրբեջանցի ժողովրդի նախագիծը։ Եվ նույնն անում էին բոլորը, ովքեր համոզված էին, որ զիջելու բան չկա։ Նրանք Ղարաբաղի հարցը զրկեցին զգոնությունից։
Ադրբեջանն այսօր ունի հանուն Հայրենիքի նահատակներ, որոնց հիշատակը երկինք է հասցված։ Մենք 1991-1994 թվականների նահատակների հիշատակը 44-օրյա խայտառակ պատերազմով իջեցրինք երկնքից, որովհետեւ նրանց ձեռքբերումը փոշիացրինք։
Թե մեզ ինչ է մնում անել, ավելի լավ կասեն պատմության փիլիսոփաներն ու հասարակագետները։ Բայց առաջին բանը, որը պետք է անի հայ ժողովուրդը արդեն այսօր, մարտահրավերներին վաղվա, ոչ երեկվա հայացքով նայելն է։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: