ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը կստորագրվի հուլիսի 5-ին։
Դա ՆԱՏՕ-ին նոր անդամների միանալու գործընթացի փուլերից մեկն է։ Արձանագրության վավերացումից հետո հրավիրված երկիրը դառնում է դաշինքի անդամ։
«ՆԱՏՕ-ն պատրաստ է սկանդինավյան երկու երկրների՝ դաշինքին միանալու հետեւանքներին, նաեւ ընդգծում ենք Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական բախումը կանխելու անհրաժեշտությունը, սակայն պատրաստ ենք պաշտպանելու ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը»,- հավատացրել է Ստոլտենբերգը։
Հուշագիրը դիվանագիտական հաղթանակ է անվանել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ Հելսինկիի եւ Ստոկհոլմի հետ ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության վերաբերյալ հուշագրի ստորագրումը դիվանագիտական հաղթանակ է անվանել, գոհունակությամբ նշել, որ փաստաթղթում հաշվի են առնվել Թուրքիայի մտահոգությունները։ Նա նշել է՝ Շվեդիան խոստացել է Թուրքիային արտահանձնել Անկարայի կողմից ահաբեկիչ ճանաչված 73 անձի։