Հունիսին Երեւանում կայացավ «Այրվող բանաստեղծներ» եռօրյա գրական հավաքը։ Հայ եւ վրացի ժամանակակից բանաստեղծները ներկայացան իրենց ստեղծագործություններով։ ՓԵՆ-ի հայկական ասոցիացիայի կազմակերպած եռօրյա գրական ֆորումը նոր փորձ էր՝ ներկայացնելու այն հին երկխոսությունը, որ վաղուց ի վեր ծավալվում է հայ եւ վրաց գրականությունների միջեւ։ Այս նախաձեռնությունը թույլ է տալիս այլ դիտանկյունից գնահատել նոր եւ նորագույն շրջանի մշակութային զարգացումները Հարավային Կովկասում։
Անդրադառնալով անցյալին` պետք է փաստել գրական սերունդների միջեւ եղած կապը, որը ձեւավորվել է դեռեւս 20-րդ դարի առաջին կեսին (Թումանյան-Ճավճավաձե, Չարենց-Աբուլաձե)՝ խորհրդանշելով նոր գրականության ծնունդն այս ժողովուրդների համար։ Առհասարակ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում նորագույն կոչված գրական սերունդը հրապարակ է իջնում 1950-ականներին` կրելով ազդեցությունների, լեզվական կերպափոխումների, ոճերի եւ թեմաների միեւնույն՝ հաճախ ընդհանրացող բնութագիրը (ինչպես, օրինակ՝ Նոդար Դումբաձեն կամ Գուրամ Ռչեուլիշվիլին)։
Չնայած մեր տարածաշրջանի խայտաբղետ լեզվական եւ մշակութային միջավայրին՝ հետխորհրդային գրական ավանդույթը Հայաստանում եւ Վրաստանում աչքի է ընկնում խնդիրների եւ հարցադրումների նույնությամբ։ Ժամանակակից աշխարհում միջմշակութային կապերի շարունակական զարգացման համատեքստում այս երկու գրական միջավայրերին էլ հատկանշական է ինքնատիպ մտածողության հիմնահարցը։
Ինքնության ենթագիտակցական այդ խմորումը արտահայտվում է նախեւառաջ լեզվական որոնումների դաշտում` ոճի եւ բանաստեղծական ձեւերի տարաբնույթ համադրումների միջոցով։ Ընդ որում, եթե բանաստեղծների ավագ սերունդը ձգտում է գրական լեզվի բազմաշերտ խաղարկումների եւ փորձարարության, ապա կրտսերները լիովին կիրառում են առօրեական խոսքը եւ ժարգոնը։ Այս առումով թե՛ հայ եւ թե՛ վրացի բանաստեղծները 1990-ականներից հետո եւ 2000-ականներին հատկապես լայնորեն բացում են մտածողության սահմանները` փոխառելով եւ մոնտաժելով եվրոպական, ամերիկյան, ռուսական գրականության ավանդույթները։
Ինչպես նկատում է գրականագետ Իռմա Ռաթիանին, նոր սերնդի ստեղծագործողներից շատերի համար բանաստեղծությունը դառնում է քաղաքական ակտ, հրապարակախոսական գործիք կամ վավերագրության դաշտ։ Արտահայտության տեսանկյունից՝ պոստմոդեռնի աշխարհայացքը լիովին իրացվում է արդի վրացական գրականության մեջ, դասական եւ հավանաբար սպառված բանաստեղծական ձեւերը հետարդիության ազդեցությամբ վերածվում են պարոդիայի, հին եւ հայտնի պատմությունները՝ մտածողության հոսքի եւ օտարման։
Խորհրդային կայսրության փլուզումը՝ քաղաքացիական պատերազմը Վրաստանում, շարունակական հակամարտությունները (վրաց-աբխազական, վրաց-օսական, Արցախյան երկու պատերազմները), անկախության համար մղվող պայքարը երկու գրական ավանդույթներում էլ բանաստեղծներին մի կողմից մղում են դեպի հասարակական զարգացումների հորձանուտ, մյուս կողմից՝ սեփական ողբերգության եւ ես-ի որոնման դաշտ։ Նրանցից ոմանք ընտրում են զուսպ փիլիսոփայական խոսքը, լեզվական բարդ խտացումները, մյուսները փորձում են ազատագրել ապրումները, ստեղծել զգայական եւ թափանցիկ կառույցներ։
Բնականաբար այս դիտարկումները չեն կարող լիովին նկարագրել հայ եւ վրաց գրականության արդ իրողությունները, սակայն փորձ են ուշադրություն հրավիրելու մերօրյա զարգացումներին, որոնք ծավալվում են այստեղ՝ Երեւանում եւ Թբիլիսիում։ Ինչ վերաբերում է երեւանյան միջոցառմանը, ապա դրա կարեւորագույն արդյունքը, թերեւս, այն թարգմանություններն էին, որ հրապարակվեցին հայաստանյան մամուլում` շարժելով բազմաթիվ ընթերցողների հետաքրքրությունը։ ՓԵՆ-ի նախաձեռնությամբ եւ վրացագետ Ասյա Դարբինյանի թարգմանությամբ այդ գործերն իսկական բացահայտում են հայ ընթերցողի համար, որովհետեւ չափազանց հոգեհարազատ են մեզ եւ ապրումակցող, այդ բանաստեղծությունները մեր մասին են (ինչպես, օրինակ՝ Թինա Թոփուրիայի, Պաատա Շամգուրիայի, Ռատի Ամաղլոբելիի բանաստեղծությունները)։ Թարգմանված գրողների թվում ուշագրավ է Լիա Ստուրուան, որն ավագ սերնդի ներկայացուցիչներից է։ Նրա փիլիսոփայական-այլաբանական ոճը եւ բանատողերի ամուր կառուցվածքը ստեղծում են ծանր ու զուսպ հակադրություն կյանքի եւ մահվան միջակայքում․
«Մարդիկ
Ամեն երեկո
Կորցնում են արեւը,
Եվ երբ երկարում են նրանց ստվերները,
Նրանք սայլերն են բեռնում չոր խոտով
Եվ մսոտ կանանց անթիվ-անհամար զավակներով
Դաշտ են դուրս գալիս
Ու դեզեր կանգնեցնում՝
Արձաններ մայր մտնող արեւին։
Մարդիկ կորցնում են ամեն ինչ,
Բացի արեւից… »։
Բեսիկ Խարանաուլին առավել սրտահույզ զրուցակից է. թվում է` պոետական եւ ոչ մի հնարք չկա նրա տողերում։ «Ծառեր» բանաստեղծության մեջ գրողը փորձում է վերապրել սեփական պոեզիան` վերարծարծելով մենության երկընտրանքը․
«Այսօր ճանաչածս վաղը չէր զարմացնի ինձ մի նոր հատկանիշով։
Որքան որ մարդկանց մեջ ապրեցի, այդքան երկնքում ապրեի,
Կկայծկլտայի ես էլ որպես աստղ,
Բայց թշվառիս աչքը, մեկ է, հողին էր մնալու,
Որպես գայլի ոռնոց եւ մենության շրշյուն-աղաչանք,
Քանի որ սա է հողը, ես այստեղ մրսում եւ այստեղ շոգում եմ,
Սա է ժողովուրդը, թշնամիներս ու եղբայրներս, ու ինչո՜ւ պայքարեմ նրանց դեմ
Կամ ինչո՜ւ չսիրեմ լիաթոք․․․»։
Դիանա Ամփիմիադին խոսում է իր որոնումների եւ ճակատագրի մասին, խոսում է պարզ եւ զգայուն լեզվով` ներկայացնելով աշխարհի եւ կնոջ միջեւ ծավալվող բարդ ու սարսռեցնող խոսակցությունը․
«Ցավ չեմ զգում,
եւ քունն էլ աղավնի է վախլուկ:
Երգում եմ: Ձայնս կտրվում է:
Հուզմունքից չի, ավելի շուտ՝ սովորություն:
Ես զգուշորեն տեղավորվում եմ տաք անկողնուդ մոտ,
որ պահպանեմ քո քունը, լինեմ զգոն,
պահակություն անեմ. ահա իմ նոր հատկանիշը ձեռք բերած…»։
Այս բանաստեղծների թվում հետաքրքիր է նաեւ Շալվա Բակուրաձեի պոեզիան՝ կենսախինդ, շաղախված հեգնանքով եւ առօրեականության հմայքով։ Տղամարդու որոնումները եւ նրա հիշողության աշխարհն ուսումնասիրող այս պոետն իր տեքստերում հիանալիորեն կիրառում է նուրբ հումորը` հաճախ անելանելի հեռավորությունը փոխարկելով հեգնախառն սիրային ակնարկի, որտեղ թաքնված են փախուստի մասին վերհուշը եւ ափսոսանքը․
«Ես լավ եմ, քեզ մոտ եմ վերադառնում ամենաարագ գնացքով ու
Անցա արդեն Երուսաղեմը, Մցխեթան, Արարատը։
Ավելի լավ բառեր երեւի Կալկուտեցի իմաստունն էլ չէր գտնի,
Իսկ ես գտա` լավ եմ, ուրիշ ի՜նչ ճար ունեմ»։
Նշված բանաստեղծներից զատ, տարիներ առաջ Անահիտ Բոստանջյանի թարգմանությամբ լույս են տեսել նաեւ Ալեքսանդրե Լորթքիփանիձեի, Սալոմե Բենիձեի, Նինո Սադղոբելաշվիլի, Գվանցա Ջոբավայի գործերը, որոնք ոճական եւ ժանրային առումով եւս բազմազան են ու հետաքրքիր։ Նրանց տեքստերում կարելի է գտնել ժամանակակից մարդու խնդիրներն արտահայտող հաջողված եւ դիպուկ ձեւակերպումներ, որոնք հարազատ են թե՛ հայ եւ թե՛ վրաց ընթերցողներին։
Այսպիսով՝ ՓԵՆ-ի հայստանյան կենտրոնի նախաձեռնած «Այրվող բանաստեղծներ» գրական հավաքը ինքատիպ հարթակ դարձակ հայ եւ վրացական արդի պոեզիայի զուգահեռ ընթերցումերի համար։ Այդ գրական ինքնատիպ փորձը, նախաձեռնողների հավաստմամբ, ապագայում կդառնա առավել տեւական երկխոսություն գրական երկու համայնքների միջեւ։
Արվեստաբան եւ միջնադարագետ։ Գրում է մշակույթի մասին։ Հետաքրքրության առանցքում են՝ փիլիսոփայությունը, արվեստները, գրականությունը եւ միջմշակութային փոխառնչությունները։