Ուզբեկստանի իշխանությունները հրապարակել են Սահմանադրության նոր տարբերակը, որը բացառում է երկրի ինքնավար հանրապետության՝ Կարակալպակստանի ինքնիշխան կարգավիճակը եւ Ուզբեկստանի կազմից դուրս գալու իրավունքը*:
Ի նշան բողոքի՝ տարածաշրջանի մայրաքաղաք Նուկուսում եւ այլ խոշոր քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց: Բողոքի ցույցերի որոշ մասնակիցներ ձերբակալվել են։ Իշխանությունները ազգային գվարդիայի լրացուցիչ ուժեր են մտցրել տարածաշրջան։
Ուզբեկստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ քաղաքացիները սխալ են մեկնաբանում սահմանադրական բարեփոխումները: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ տարածաշրջանում հասարակական կարգը վերականգնվել է:
Կարակալպակստանը զբաղեցնում է Ուզբեկստանի տարածքի 40%-ը (166 600 քմ): 2022-ի հունվարի տվյալներով Կարակալպակստանում բնակվում է ավելի քան 1 միլիոն 990 հազար մարդ:
Կարակալպակստանի ձեւավորումն ու անկախություն ձեռք բերելու ճիգերը․ ուշագրավ փաստեր
1924-ին կազմավորվում է Կարա-Կալպակյան Ինքնավար Մարզը՝ Տուրտկուլ մարզկենտրոնով։
1925-ի փետրվարի 16-ին դեհկանների, բատրակների եւ կարմիրբանակայինների հիմնադիր համագումարում պաշտոնապես կազմավորվում է Կարա-Կալպակյան Ինքնավար Մարզը Կիրգիզական Ինքնավար Հանրապետության (1920—1925) կազմում, որը հետագայում վերանվանվում է Ղազախական Ինքնավար Հանրապետություն։
1930-ի հուլիսի 20-ին Կարա-Կալպակյան Ինքնավար Մարզը դուրս է բերվում Ղազախական Ինքնավար Հանրապետության կազմից եւ անցնում Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) անմիջական ենթակայության տակ։
1932-ի մարտի 20-ին Կարա-Կալպակյան Ինքնավար Մարզը վերակազմավորվում է որպես Կարա-Կալպակյան Ինքնավար Հանրապետություն՝ ՌԽՖՍՀ-ի կազմում՝ Նուկուս մայրաքաղաքով։
1936-ի դեկտեմբերի 5-ին Կարա-Կալպակյան Ինքնավար Հանրապետությունը մտցվում է Ուզբեկական ԽՍՀ կազմ։ 1964-ին վերանվանվում է Կարակալպակստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության։
1990-ի դեկտեմբերի 14-ին (Ղազախստանից եւ Ուզբեկստանից ուշ, բայց Ղրղզստանից շուտ) Կարակալպակստանի Ինքնավար ԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանում ստորագրվում է պետական ինքնիշխանության մասին Հռչակագիրը, որը ենթադրում էր համընդհանուր հանրաքվեի միջոցով հասնել պետության լիարժեք անկախության։
1992-ի հունվարի 9-ին կազմավորվում է Կարակալպակստանի Հանրապետությունը։
1993-ին 20 տարի ժամկետով ստորագրվում է Կարակալպակստանի Հանրապետությունը Ուզբեկստանի կազմ մտցնելու մասին միջպետական պայմանագիրը։
1993-ի ապրիլի 9-ին Կարակալպակստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունում է Կարակալպակստանի Սահմանադրությունը, նույն օրը ընդունվում է երկրի պետական զինանշանը, 1993-ի դեկտեմբերի 24-ին՝ նաեւ պետական օրհներգը։
***
1993-ի միջպետական պայմանագրում ամրագրված է Ուզբեկստանի կազմից Կարակալպակստանի Հանրապետության դուրսբերման իրավունքը հանրաքվեի միջոցով։