«Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ իջավ պատվո հարթակից: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղում բողոք ներկայացրեց ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային, եւ այդ մարզիկը որակազրկվեց ու հեռացվեց»,- կիրակի ամբողջ օրը սոցցանցերում ու կայքերում հոսում էր այս լուրը, որն ինձ հույս է ներշնչում։
Հույս, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում հաղթել է միայն Հեյդար Ալիեւը, հաղթել են սոսկ Ադրբեջան-Թուրքիա դաշինքը, Պակիստանի աջակցությունը, Իսրայելի վաճառած զենքը, բայց ոչ հարեւան եւ հակառակորդ երկրի հասարակությունը։
Այս պատերազմին նրանք պատրատ չեն եղել, հաղթանակին՝ առավելեւս։
Ալիեւն արդեն բազում անգամներ ապացուցել է, որ իր խնդիրը ոչ այնքան Ղարաբաղի կնճռոտ հարցը լուծելն էր (ըստ էության՝ չի լուծել), որքան պարզ մարդկային վրեժը հայ ժողովրդավարածին մի առաջնորդից, որը շփոթել էր երկիր կառավարելն ու նորածիլ բեղով պատանու ինքնահաստատման բնազդը։
Նա՝ Փաշինյանը, 2018-ին, երբ բառացիորեն մարդկանց ձեռքերի վրա գալիս էր իշխանության, հերոսն էր այն հասարակության, որը մերժելով մերժած ուներ որեւէ հպում, շփում եւ կապ հարեւան երկրի ու ժողովրդի հետ, եւ դա հիմնականում բացատրվում էր պատմական քաշի կատեգորիաների տարբերությամբ։
-Հագածս ջինսն ավելի հին է, քան հարեւան պետությունը,-Ֆեյսբուքում աքլորանում էր միջին վիճակագրական հայ հայրենասերը, իսկ երկրի առաջին դեմքը միջազգային հարթակներում այդ թերամտությունը փոխակերպում էր քաղաքական խոսույթի։
Դրա համար դրսում նա արժանանում էր առնվազն տարակուսանքի, իսկ ներքին լսարանում՝ ծափահարությունների. «տեսա՞ք, ո՜նց պորտը տեղը դրեց»։
Մեր պարտության բուն պատճառը հաղթանակի արժեքի սղումն էր եւ հաղթողի կերպարի աղճատումը։ Տարիներ առաջ ազգովի հիստերիա բարձրացրեցինք, որ թույլ չտանք ադրբեջանական ֆիլմերի պրոյեկցիոն հպումը մեր կինոթատրոնների սրբազան պաստառներին։ Երբ ծանոթ մեկին ասացի. «Լավ, հետաքրքիր չի՞, թե մեր թշնամին ինչ ֆիլմեր է նկարում», բորբոքվեց. «Դրանք ո՞ր օրվա կինո նկարողն են, որ մեզ հետաքրքրեն»։
Նույն այս պատճառով Ադրբեջանը մի օր կպարտվի… չգիտեմ՝ ում։ Գուցե՝ երիտասարդ ըմբշամարտիկ Հայկ Պապիկյանին։
Հ.Գ. Լրագրողական 36-ամյա կենսագրությանս ընթացքում սա մարզական թեմայով իմ առաջին նյութն է։ Հուսով եմ՝ սպորտային մեկնաբաններն ըմբռնումով կմոտենան։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։