Ըմբշամարտի Եվրոպայի ֆեդերացիան ամփոփել է Հռոմում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության արդյունքները:
Մեր ընտրանին ընդհանուր առմամբ նվաճել է 5 մեդալ` 3 ոսկի, 1-ական արծաթ եւ բրոնզ: Բարձրագույն պարգեւով՝ ոսկե մեդալների քանակով Հայաստանն առաջին տեղում է: Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Թուրքիայի եւ Ադրբեջանի մեկական պատվիրակները նվաճել են մեկական ոսկե մեդալներ:
Թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել է 10 քաշային կարգերից 8-ում մեդալ նվաճած եւ վարկանիշային 169 միավոր վաստակած Վրաստանի հավաքականը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է 5 մեդալ նվաճած եւ 144 միավոր վաստակած Հայաստանի հավաքականը:
Հռոմում Եվրոպայի երիտասարդների չեմպիոն են հռչակվել 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը, 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը եւ 125 կգ քաշային Լյովա Գեւորգյանը:
125 կգ քաշային ՀՀ հավաքականի ըմբիշ Լյովա Գեւորգյանը եզրափակիչ մրցամարտում ժամանակից շուտ է հաղթել վրացի Մերաբ Սուլեյմանաշվիլուն: Առաջին ռաունդում մրցակիցը քիչ թե շատ դիմադրել է հայ մարզիկին` 5:2 հաշվով, իսկ երկրորդում Գեւորգյանն ընդամենը 10 վայրկյանում 8 միավոր է վաստակել եւ մաքուր հաղթանակ տոնել: Լյովա Գեւորգյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:
Միջին թվաբանականով հաշվելու դեպքում Հայաստանը միջինը վաստակել է 28, իսկ Վրաստանը` 21 միավոր:
Առաջնության 3-րդ թիմ է ճանաչվել 5 մեդալ նվաճած եւ վարկանիշային 118 միավոր վաստակած Ուկրաինայի հավաքականը: