Ըստ Daily Mail պարբերականի՝ Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) 1 միլիոն դոլարով տուգանել է Մեծ Բրիտանիայի թենիսի ասոցիացիային եւ թենիսի համաանգլիական ակումբին՝ ռուսաստանցի եւ բելառուս թենիսիստուհիներին Ուիմբլդոնի 2022-ի մրցաշարին մասնակցելուց զրկելու համար։
Մեծ Բրիտանիայի թենիսի ասոցիացիան տուգանվել է 750 հազար դոլարով, իսկ թենիսի ակումբը, որը կազմակերպում է Ուիմբլդոնի մրցաշարը, WTA-ին կվճարի 250 հազար դոլար տուգանք։ Երկու կազմակերպությունները բրիտանական կառավարության աջակցությամբ մտադիր են բողոքարկել այդ որոշումը։
Ավելի վաղ Ուիմբլդոնի կազմակերպիչներն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով որոշել էին այս տարի թույլ չտալ Ռուսաստանի եւ Բելառուսի ներկայացուցիչներին մասնակցել մրցաշարին։ Ի պատասխան այդ քայլի՝ թենիսի տղամարդկանց եւ կանանց ասոցիացիաները որոշել են մրցաշարի մասնակիցներին վարկանիշային միավորներ չշնորհել։