Ըստ Ուզբեկստանի գլխավոր դատախազության՝ Կարակալպակստանում տեղի ունեցած խռովությունների հետեւանքով առնվազն 18 մարդ է զոհվել, վիրավորվել՝ 243-ը։ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոեւը նախօրեին հայտնել էր, որ զոհեր կան ինչպես խաղաղ բնակիչների, այնպես էլ ուժայինների շարքերում։
Ազգային գվարդիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերը ձերբակալել են 516 մարդու, որոնցից շատերը հետագայում ազատ են արձակվել։
Հուզումները սկսվել են, երբ Ուզբեկստանի իշխանությունները սահմանադրական փոփոխություններ են առաջարկել, ըստ որի Կարակալպակստանը զրկվում է ինքնավարությունից եւ անկախության հարցով հանրաքվե անցկացնելու իրավունքից։
Շաբաթ օրը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը հրաժարվել է Կարակալպակստանի ինքնիշխանությանը եւ նրա անջատման իրավունքին վերաբերող Սահմանադրության հոդվածները փոխելու ծրագրերից։
Սա միջինասիական այս երկրում վերջին 17 տարվա ընթացքում բռնության ամենամեծ բռնկումն է։