Թուրքիայի նախկին վարչապետ եւ նախկին արտգործնախարար, ներկայում ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն սոցցանցում քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տնտեսական քաղաքականությունը։
Նա նշել է, որ նույնիսկ Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) հունիսի տվյալներով է երկրում գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 78,62 %-ով աճել։
Այդ կապակցությամբ ընդդիմադիր գործիչը գրել է. «Ահա այսքան է Ձեր իմացությունը տնտեսագիտության վերաբերյալ»։
Դավութօղլուն, մեջբերել է Էրդողանի խոսքերը․ «Այսուհետեւ հնարավոր չէ, որ գնաճն ավելի բարձրանա, քանի որ տոկոսադրույքները նվազեցնում ենք», այնուհետեւ՝ նշել, որ Էրդողանի այս հայտարարությունից հետո ուղիղ 11 ամիս է անցել։ «Այդ օրը գնաճը 18,9 % էր։ Իսկ այժմ նույնիսկ TÜİK-ի տվյալներով է 78.6 %»,-ընդգծել է Թուրքիայի նախկին վարչապետը։
Թուրքիայում քաղաքացիական պատերա՞զմ է հասունանում
Թուրքիայում «Zafer» (Հաղթանակ) կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը հայտարարել է, որ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է հասունանում:
Նա նշել է, որ քաղաքացիական պատերազմի հավանականությունը 100 % է, խնդիրը լոկ այն է, թե երբ կսկսվի:
Ըստ թուրք ընդդիմադիր գործչի՝ երկրում տնտեսական իրավիճակը վտանգավոր ու անկայուն է դարձրել Թուրքիայի փողոցները: Նա հավելել է, որ նոր ավազակախմբեր են ձեւավորվում, որի հետեւանքով քաղաքացիական պատերազմ է սկսվելու:
Օզդաղը համոզված է, որ երկրում մեծ թվով սիրիացի փախստականների առկայությունը մեծ վնաս կհասցնի իշխանության վարկանիշին եւ ընտրություններում նրանց ստանալիք քվեն կարող է կտրուկ անկում ապրել: