ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հուլիսի 5-ին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակյանում Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միանալու մասին արձանագրությունների վավերացման գործընթացի մեկնարկի մասին։
«Սա լավ օր է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի համար, սա լավ օր է ՆԱՏՕ-ի համար։ Այս սեղանի շուրջ նստած 32 պետություններով մենք ավելի ուժեղ կլինենք, իսկ մեր ժողովուրդներն՝ ավելի անվտանգ։ Այսօր մենք բախվել ենք տասնամյակների ընթացքում անվտանգային ոլորտում ծագած ամենալուրջ ճգնաժամին», — հայտարարել է Ստոլտենբերգը։
Փաստաթղթում իրենց ստորագրություններն են դրել պատմական արարողությանը ներկա Շվեդիայի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարներ Անն Լինդեն եւ Պեեկա Հավիստոն, ինչպես նաեւ դաշինքին անդամ 30 պետությունների դեսպանները։
Արձանագրությունների ստորագրումից հետո Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների խորհրդարաններում մեկնարկելու է դրանց վավերացման գործընթացը, որը կարող է տեւել մի քանի ամիս։
Միայն դրա ավարտից հետո Հյուսիսային Եվրոպայի այս երկու պետությունները ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ կհամարվեն եւ դրանց դրոշները կբարձրացվեն դաշինքի կենտրոնակայանի առջեւ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում եվրոպական երկրների համար, որոնք պատրաստ են նպաստել ընդհանուր անվտանգության ապահովմանը։