Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն թուրքական NTV-ին տված հարցազրույցում պնդել է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան իրենց ներկայացրած փաստաթղթում փաստել են, որ Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունն (PYD) ու Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) առնչություն ունեն միմյանց հետ։
Բացի դրանից, իրենք հիշյալ երկներին են ներկայացրել այն անձանց վերաբերյալ փաստաթղթերը, որոնք ներքաշված են ահաբեկչության մեջ եւ որոնց հանցավարությունը հաստատված է։
Չավուշօղլուն ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ որոշ այլ երկրների մեղադրել է երկերեսանի լինելու եւ երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։ Նա զգուշացրել է, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան ստիպված են հավատարիմ մնալ այդ փաստաթղթին, հակառակ դեպքում Թուրքիան նրանց չի ընդունի ՆԱՏՕ-ի կազմ։
Հարցին՝ ինչ կպատահի, եթե Ֆինլանդիան եւ Շվեդիան հնարավոր անդամակցությունից հետո համաձայնագրի կետերը չկատարեն, Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պայմանանագիր ունի նաեւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ, ըստ որի ահաբեկիչներին պետք է քաշել 30 կիլոմետր հարավ, մինչդեռ իրենց չարեցին։
Չավուշօղլուն հավելել է, որ վերջերս PKK-ն ավելացրել է ոտնձգությունների թիվը Սիրիայի ներսում եւ նաեւ Սիրիայից դեպի Թուրքիայի տարածքներ։
«Մեր հարցերը ինքներս ենք լուծելու եւ մաքրելու ենք։Եթե այդ երկրները տեր չկանգնեն իրենց խոսքին, մենք էլ կանենք մեր համապատասխան քայլերը։ Թուրքիան, երբ դեմ հանդիման է դուրս գալիս վտանգին, հաշվի չի առնում, թե ով որտեղ է գտնվում, անում է այն, ինչ պետք է ու վերացնում է»,- սպառնացել է Թուրքիայի արտգործնախարարը։