Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական «The Economist»-ի կազմակերպած կլոր սեղանի առցանց ելույթում հույս է հայտնել, որ Բելառուսը չի դառնա ուկրաինական հակամարտության կողմ, սակայն խոստովանում է, որ այդ երկրին կարող են ներքաշվել դրա մեջ։
«Կարծում ենք՝ Բելառուսը չի խառնվի այս պատերազմին, բայց սադրանքներ կան ու կլինեն։ Բելառուսը պատերազմում ներքաշվելու սպառնալիքի տակ է»,- ընդգծել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Կիեւը պատրաստվում է իրադարձությունների նման զարգացման։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը իրեն երբեք չի խնդրել մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին։
Տիխանովսկայան եւս բացառել է Մինսկի անմիջական մասնակցությունը
2020-ի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից բելառուսական ընդդիմության վտարանդի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան եւս բացառել է Բելառուսի մասնակցությունն ուկրաինական պատերազմին։
Վարշավայում անցկացված մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ դա գրեթե անհնարին է։
«Իրականում ես կասկածում եմ, որ բելառուս զինվորականները կմասնակցեն Ուկրաինա ներխուժմանը։ Ես, իհարկե, որեւէ բան չեմ կարող երաշխավորել, սակայն հետախուզական եւ փորձագիտական գնահատականներով դա գրեթե անհնարին է»,- հայտարարել է Տիխանովսկայան։
Նա համոզմունք է հայտնել, որ բելառուսական բանակը ծայրահեղ բարոյալքման վիճակում է։ «Նրանք չեն ցանկանում կռվել ուկրաինացիների նման բարեկամ ժողովրդի դեմ, նրանք չեն ցանկանում մեռնել հանուն Լուկաշենկոյի եւ Պուտինի», -շեշտել է բելառուսական ընդդիմության առաջնորդը։
Նախորդ շաբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարարել էր, որ երկրի բանակը Ուկրաինայի դեմ պատերազմում կներգրավվի միայն հարեւան պետության տարածքից Բելառուսի դեմ ուղղակի հարձակման կամ հարվածների դեպքում։
Ուկրաինայի ԳՇ տվյալներով` արդեն մի քանի ամիս է, ինչ Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով բելառուսական բանակի ստորաբաժանումների կուտակումներ են նկատվում։