Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ղազախստանը պատրաստ է օգտագործել իր ածխաջրածնային ներուժը՝ համաշխարհային եւ եվրոպական շուկաներում իրավիճակը կայունացնելու համար։
Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը մտահոգություն է հայտնել աշխարհում էներգետիկ անվտանգության սպառնալիքների վերաբերյալ եւ Եվրամիությանը կոչ արել համագործակցել այլընտրանքային անդրմայրցամաքային միջանցքների, ներառյալ՝ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման գործում։
Տոկաեւը Միշելին հիշեցրել է նաեւ, որ Ղազախստանն առաջին երկիրն է Կենտրոնական Ասիայում, որը Եվրամիության հետ ստորագրել է Ընդլայնված գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը, որը Ղազախստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները նոր մակարդակի է բերել:
«Մեր երկիրը հավատարիմ է Ղազախստանի ամենամեծ առեւտրային գործընկեր ԵՄ-ի հետ կայուն կապերի զարգացմանը»,- ասված է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։