Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մալին հայտարարել է, որ Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած բանակցություններից հետո ԱՄՆ-ի եւ Իրանի պատվիրակությունները չեն կարողացել համաձայնության գալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ:
«Հույս կար, որ իրանական պատվիրակությունը ցանկություն կցուցաբերի վերադառնալ համաձայնագրին, սակայն նրանք չկարողացան պատասխան տալ, այդ հնարավորությունը կորավ:»,- ընդգծել է Մալին։
Նա հավելել է, որ Իրանը դեռ հիմնարար որոշում չի ընդունել։
«Թեհրանը շահագրգռվա՞ծ է համաձայնագրի երկարաձգմամբ, թե՞ ոչ, բայց նրանք պետք է լուծեն այս հարցը, քանի որ մի օր համաձայնագիրը կարող է անցյալում մնալ։
Ամերիկացի հատուկ բանագնացը նաեւ նշել է, որ Իրանը շատ ավելի մոտ է միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ նյութի ձեռքբերմանը, ինչը մտահոգություն է առաջացնում ԱՄՆ-ում եւ նրա գործընկերների շրջանում։