Մի քանի օրից Աստղիկի չորսհոգանոց ընտանիքը պիտի բացեր նոր տան դռներն ու տեղափոխվեր ապրելու, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Չհասցրին: Հիմա Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղում գտնվող տնից Աստղիկին մնացել են միայն բանալիներն ու մի տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիներն իր՝ այդպես էլ չբնակեցված տան կահույքն օգտագործում ու բակում խնջույք անում:
Աստղիկը Ղազարյանների ընտանիքի երեք հարսներից մեկն է, որ Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղից Արցախ էր տեղափոխվել եւ ամուսնացել 10 տարի առաջ: Հիմա 15 հոգանոց ընտանիքը, Արցախում թողնելով չորս տունն ու 25 տարվա կյանքը, վերադարձել է Հայաստան:
Ղազարյանների ընտանիքը Վայոց ձորի Զառիթափ գյուղից Քաշաթաղում էր վերաբնակեցվել 1998-ին: Ընտանիքի մայրը՝ Ռիմա Պողոսյանը հիշում է, թե ինչ դժվարություններով է մեծացրել չորս տղաներին, տուն-տեղ դրել: Ասում է՝ առաջին հինգ տարիներին ապրել են առանց լույսի ու սննդի:
«Ձեթի մեջ բամբակ էի վառում, որ այդ լույսի տակ երեխաներիս տառաճանաչ դարձնեի: Ութ շունչ՝ 4 երեխաներս, ես, ամուսինս ու նրա ծնողները մի սենյակում ենք ապրել, հետո կամաց-կամաց տունը կառուցել ենք: Չհասած նուռ ու թութ եմ կերել, երեխաներիս կրծքով կերակրել եմ»:
Տարիների դժվարություններն աշխատանքով են հաղթահարել, սկսել են անասնապահությամբ, հողագործությամբ զբաղվել: Ընտանիքը մեծացել է, ամեն որդու համար մի տուն են կառուցել: Նոր-նոր պիտի ապրեին ու վայելեին չարչարանքով ստեղծածը, բայց պատերազմն այլ ծրագրեր ուներ: Արցախում թողնելով չորս տունն ու տարիների աշխատանքը՝ տեղահանվել են:
«Մեր հագի շորերով ենք եկել, նույնիսկ մի սուրճի բաժակ չենք հասցրել բերել, որ տեսնեմ, հիշեմ իմ 25 տարվա ապրածն ու ստեղծածը: Հիմա հարեւան-բարեկամների տված օգնությամբ ենք ապրում»,- ասում է տիկին Ռիման ու իրեն համեմատում հայտնի բանաստեղության ծիծեռնակի հետ. «Ես էլ էս տանն ամեն շյուղ կպցնելիս իմ հին տունն եմ հիշում»:
Ընտանիքները խոնավ ու կիսաքանդ տներում վարձով են ապրում: Չգիտեն՝ դեռ ինչքան կհասցնեն վարձը վճարել: Որոշ ժամանակ ստացել են պետության տված օժանդակությունները, բայց վարձի ու ապրուստի համար գումարը դժվարությամբ է բավականացնում: Ընտանիքի միակ կայուն եկամուտը տատիկի՝ Լուսիկ Ղազարյանի կենսաթոշակն է՝ մոտ 30 հազար դրամ:
Արցախում մի քանի հարյուր գլուխ մանր ու խոշոր եղջերավոր անասուն են ունեցել, դրանց միայն մի մասն են վերջին պահին կարողացել տեղափոխել: Հիմա եղբայրներով փորձում են գործը նոր բնակավայրում շարունակել: Հույսը չեն կորցնում, պիտի ամեն ինչ անեն, որ ստացվի:
Ռիմա Պողոսյանն առողջական խնդիրների պատճառով աշխատել չի կարող: Ծունկը մի քանի անգամ վիրահատել են, դժվարությամբ է քայլում: Տան գործերն էլ 85-ամյա սկեսուրն է անում: Տիկին Ռիման ցույց է տալիս վերջացող դեղերը: Չգիտի՝ հետո ինչ է անելու: Ասում է՝ այդքան տարի աշխատել է, հիմա ինչո՞ւ չպետք է ուզենար աշխատել, ուղղակի չի կարողանում: Ոտքերին տարբեր կոշիկներ են, մի ոտքն ուռչում է, նույնը հագնել չի կարողանում:
Երրորդ կարգի հաշմանդամի թոշակ է ստացել, հիմա դրա վճարումն էլ են դադարեցրել: Ասում են՝ Արցախում պետք է նորից զննում անցնի։ Այնտեղից էլ ասում են՝ արդեն վերաբնակվել եք, Հայաստանում պետք է դիմել:
Թոռնուհին՝ Աստղիկի աղջիկը նոր է երկրորդ դասարանն ավարտել Հերհերում: Մեկ տարի շարունակ փոքրիկին ստիպելով են դասի ուղարկել, ամեն առավոտ զանգել են Արցախի իր ուսուցչուհուն, որ երեխային համոզի դպրոց գնալ: Ութամյա աղջնակին հասակակիցները ասում են՝ «ուրիշ տեղից» եկած է:
«Երեխաներն ասում են՝ գնա քո Ղարաբաղը, ինչի՞ ես եկել մեր դպրոց: Երեխաներին չենք մեղադրում, իրենք չեն հասկանում. տանը խոսել են, կրկնում են»,- ասում է մայրը: Գյուղացիներից էլ նեղացած չեն. օգնում են, կարեկցում, Արցախ վերադառնալ հորդորողներին էլ հասկանում են՝ հետպատերազմյան շրջան է, տարբեր տրամադրություններ են:
Մեր զրույցն ընդհատվում է Լուսիկ տատի հեկեկոցով. «Ես իմ հալիվորի նկարը չբերեցի, գերեզմանը մնաց էնտեղ: Ես հիմա էլ բան չեմ ուզում, մի մահ եմ ուզում ու վերջ»:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: