ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը 992-րդ լրացումն է ներկայացրել 2023-ի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին՝ ԱՄՆ պետդեպարտամենտին կոչ անելով ներկայացնելու զեկույց, որում փաստաթղթավորված են Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը կրկին շրջանցելու պատճառները:
Սփիերը նաեւ պահանջել է, որպեսզի ներկայացվելիք զեկույցում տեղեկություն լինի այն մասին, թե արդյոք Ադրբեջանին ցուցաբերված ամերիկյան աջակցությունը չի վնասել խաղաղության գործընթացին Արցախում:
992-րդ լրացմանն աջակցություն են հայտնել կոնգրեսականներ Ջուդի Չուն, Ֆրանկ Փալոնըեու Ադամ Շիֆը:
Հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովում Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացումներն ընդունելու պարագայում դրանք քվեարկության կդրվեն արդեն Ներկայացուցիչների պալատում:
«Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի եւ Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2022-ին կրկին շրջանցել է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը՝ հնարավորություն տալով ԱՄՆ-ին ուղղակի ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանին:
Դեռեւս նախագահի թեկնածու ժամանակ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է հավատարիմ մնա «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացմանը՝ դադարեցնելով ռազմատեխնիկայի հոսքը Ադրբեջան: Սակայն արդեն որպես նախագահ՝ 2021-ին հետ էր կանգնել իր նախկին հայտարարությունից եւ բյուջետային տարում ներառել Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնության տրամադրումը: