ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հայտարարել է, որ Ուզբեկստանում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունների մասին հաղորդագրությունները վկայում են լուրջ բռնությունների մասին։ Հանձնակատարը պաշտոնական Տաշքենդին զսպվածության կոչ է արել, հորդորել կալանավորների համար փաստաբանի հասանելիություն ապահովել եւ հարգել նրանց հիմնավոր եւ արդար դատավարության իրավունքը:
Կարակալպակստանի ինքնավար հանրապետության մայրաքաղաքում ցուցարարների եւ ուժայինների միջեւ տեղի ունեցած բախումների ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 18 մարդ, վիրավորվել՝ 243-ը, որոնցից ավելի քան 90-ի վիճակը գնահատվում է ծանր։
ՄԱԿ -ի Մարդու իրավունքների հարցերով գրասենյակի համոզմամբ, իրական զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել։
Կարակալպակստանի մայրաքաղաքում ցուցարարների եւ ուժայինների միջեւ արյունալի բախումներ էին սկսվել անցած շաբաթ, երբ հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան ընդդեմ սահմանադրական փոփոխությունների նախագծի։
Կենտրոնական իշխանությունը մտադիր էր կիսաինքնավար Կարակալպակստանին զրկել ինքնիշխանության կարգավիճակից եւ Ուզբեկստանից անջատվելու իրավունքից։
Օրեր տեւած տարերային բազամահազարանոց ցույցերից հետո ի վերջո երկրի խորհրդարանը քվեարկեց Սահմանադրությունում մարզի ինքնիշխան կարգավիճակը պահպանելու օգտին։