Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Իսպանիա այցի ընթացքում Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը:
Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ շարունակելու Ադրբեջանի հետ բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ։
Երկու երկրների արտգործնախարարներն անդրադարձել են նաեւ 44-օրյա պատերազմի հումանիտար հետեւանքներին, խոսել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության եւ հումանիտար բնույթի այլ մնացած խնդիրների վերաբերյալ։
Արարատ Միրզոյանը եւս մեկ անգամ շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը իր կողմից անհրաժեշտ ջանքեր է գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածների եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման եւ սահմանային անվտանգության, թե՛ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում նաեւ մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման հեռանկարների վերաբերյալ։