Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը Սիդնեյի Լոուիի վերլուծական ինստիտուտում իր ելույթում կոչ է արել բարենորոգելու ՄԱԿ-ը՝ այն քննադատության ենթարկելով Ուկրաինայի ռազմական հակամարտությունը կանգնեցնելու անընդունակության համար:
Նոր Զելանդիայի կառավարության ղեկավարը նշել է, որ ՄԱԿ-ը չկարողացավ պատշաճ արձագանքել Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշմանը: Կազմակերպության դիրքորոշումն, ըստ Նոր Զելանդիայի վարչապետի, բարոյապես անկարող էր, ինչը ժողովրդավարական երկրներին համախմբման եւ պատասխանի սեփական միջոցների համար ստիպեց նոր մեխանիզմներ որոնել:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ճապոնիայի խորհրդարանի պատգամավորների առջեւ ելույթում հայտարարել էր, որ միջազգային ինստիտուտները, այդ թվում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, միանգամայն անարդյունավետ աշխատեցին ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում:
Ուկրաինայի նախագահը նշել էր, որ վերոնշյալ միջազգային կառույցներն «ազնվության էլիքսիրի» ներարկման կարիք ունեն, որպեսզի սկսեն գործել, համաշխարհահին գործընթացների վերաբերյալ գործուն վճիռներ ընդունեն եւ իսկապես ազդեն իրադարձությունների վրա, «ոչ թե զբաղվեն միայն սրան-նրան համոզելով»:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը եւս ավելի վաղ իր թվիթերյան գրառման մեջ քննադատել էր ՄԱԿ-ին։
«Որոշ երկրներ պատերազմներ են սանձազերծում, քանի որ ՄԱԿ-ը միշտ թաքնվում է թփերում։ ՄԱԿ-ը արտաքին անտուրաժ է եւ պաշտոնյաների բարձր աշխատավարձեր, բայց ոչ մի պատասխանատվություն»,– նշել էր Պոդոլյակը։