Հայաստանի ծանրորդները երկու մեդալ են նվաճել Միացյալ Նահանգների Լաս Վեգաս քաղաքում անցկացված ծանրամարտի «Բարեկամության գավաթ» անդրանիկ մրցաշարում։
Մրցաշարն անցկացվել է յուրօրինակ մրցակարգով․ տարբեր երկրների ծանրորդներն ու ծանրորդուհիները կազմել են 8 խառը զույգ։ Վերջնական արդյունքները որոշվել են Սինկլերի սանդղակով կատարվող հաշվարկով։
Առաջին տեղը զբաղեցրել են օլիմպիական խաղերի մեդալակիր, եգիպտուհի Սառա Ահմեդը եւ մեր ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը։ Նրանք երկուսով ցույց են տվել 700,913 կգ արդյունք։
Մրցանակային 2-րդ տեղը գրավել է ամերիկուհի Մադլեն Ստանիշեւսկի (262,387 կգ) եւ հայաստանցի Գոռ Մինասյան (422,579 կգ) զույգը՝ 684,966 կգ։
Սամվել Գասպարյանը (406,149 կգ) Կուինինի Մանումուայի (Տոնգա, 244,547 կգ) հետ ճանաչվել է 4-րդը, իսկ Վարազդատ Լալայանը (423,999 կգ) եւ քենիացի ծանրորդ Լորեյն Լիգարեն (180,020 կգ) 5-րդն են։
Դավիթ Հովհաննիսյանը 399,008 կգ արդյունքով եզրափակել է մրցաշարային աղյուսակը, քանի որ նրա հետ հանդես եկած ամերիկուհի Ալեե Թալմանը 0 է ստացել։