ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող միջազգային տեղեկատվության եւ ցանցային կապի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կենտրոնը առանձին հոդվածով անդրադարձել է Հայաստանի Հանրապետության՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ պատրաստած «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» թեմայով հայտի ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցմանը։ Գրանցումը եղել է 2020-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 15-րդ նստաշրջանին:
Սուրբ Թադեոսի (Թադեի) վանքը քրիստոնեության հաստատման առաջին վկայություններից է պատմական Հայաստանում: Այն պատմական Արտազ գավառում է՝ ժամանակակից Իրանի Մակուի շրջանում: Կառուցվել է Հայ առաքելական եկեղեցու հիմնադիր առաքյալներից Թադեոսի հիշատակին:
2008-ից Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացմամբ` Թադեի վանքը Ս. Ստեփանոս եւ Ձորձոր վանքերի հետ «Հայկական եկեղեցիները Իրանում» անվանումով գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Նախարարությունում ընդգծում են, որ Ս. Թադեոս առաքյալի վանքը եւ նրա շուրջ ծավալված ուխտագնացությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում հայկական դարավոր մշակութային ներկայության եւ շարունակականության, մշակութային, կրոնական ինքնատիպությունը պահպանելու ջանքերի ու հաջողումների առանձնահատուկ երկխոսության վկայությունն է: Այն հատուկ նշանակություն ունի ամբողջ հայության համար: Ամեն տարի հուլիսին՝ նախանշված օրերին, կազմակերպվում է Թադեոս առաքյալին նվիրված եռօրյա ուխտագնացություն վանք, որին մասնակցում են Իրանի, Հայաստանի ու արտերկրի բազմաթիվ հայ քրիստոնյաներ։ Այս տարի ուխտագնացությունը տեղի է ունենալու հուլիսի 28-30-ը։
«Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտի գրանցումն արժեւորվում է նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության համատեղ պահպանությամբ ու կենսունակության ապահովմամբ, ինչպես նաեւ հայ-իրանական մշակութային համագործակցությամբ: