Ըստ ճապոնական Kyodo գործակալության՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն հուլիսի 7-ին՝ տեղական ժամանակով 11:30-ի սահմաններում, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալիս հարձակման է ենթարկվել:
Աբեն քարոզարշավ էր իրականացնում հուլիսի 10-ին նշանակված խորհրդարանի վերին պալատի առաջիկա ընտրությունների շրջանակում: Կանխատեսվում է, որ նրա կուսակցությունը վստահորեն կհաղթի ընտրություններում:
Աբեն զբաղեցրել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնը 2012- 2020 թվականներին: Նա այդ պաշտոնում ամենաերկար մնացած վարչապետն է:
Նախնական տվյալներով նրա վրա երկու անգամ կրակել են՝ ինքնաշեն ատրճանակով կամ որսորդական հրացանով, թիկունքից: Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման մեջ կասկածվող 41-ամյա Տեցույա Յամագամին ձերբակալված է: Ձերբակալության ժամանակ հարձակվողը դիմադրություն ցույց չի տվել։ Ոստիկանությում նա ասել է, թե դժգոհ է Աբեից եւ ցանկանում է սպանել նրան:
Ճապոնական Nihon TV հեռուստաալիքը հայտնել է, որ Ճապոնիայի 67-ամյա նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ կատարած տղամարդն ավելի վաղ ծառայել է երկրի ծովային ինքնապաշտպանության ուժերում:
Ատրճանակից ստացված կրակոցները դիպել են Աբեի կրծքավանդակի ձախ հատվածին եւ ամենայն հավանականությամբ նաեւ պարանոցին: Ճապոնական NHK-ի հաղորդմամբ Աբեն հոսպիտալացվել է, եւ նրա սիրտը կանգ է առել: Նախկին վարչապետի փրկվելու շանսերն, ըստ լրատվամիջոցների, զրոյական են։
Սա զենքի մասին կոշտ օրենքներ եւ հրազենային բռնության հանցագործությունների ցածր մակարդակ ունեցող Ճապոնիայում եզակի դեպքերից մեկն էր:
Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտարարել է, որ երկրի իշխանությունները խստորեն դատապարտում են նախկին վարչապետի վրա հարձակումը և այն որակել «բարբարոսական»:
Թարմացում
Ճապոնիայի ազգային հեռարձակման NHK կորպորացիան հայտնել է, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է։ Նախկին վարչապետը մահացել է ստացած վնասվածքներից։
Սինզո Աբեի մահվան լուրը հայտնելուց մոտ մեկուկես ժամ առաջ Աբեի կրտսեր եղբայրն ասել էր, որ Ճապոնիայի նախկին վարչապետին արյան փոխներարկում են արել եւ պայքարում են նրա կյանքի համար։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Սինձո Աբեի սպանությունից հետո հայտարարել է, որ ժողովրդավարությունը չի ընկրկի բռնության հանդեպ:
Հուլիսի 8-ին ավելի վաղ Սինձո Աբեի դեմ մահափորձից հետո Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը որոշում էր ընդունել դադարեցնել նախընտրական գործունեությունն՝ ընտրողների առաջ թեկնածուների ելույթները ներառյալ: