Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը ողջունում է Հայաստանում «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը եւ ԶԼՄ օրենսդրության շուրջ լայն շրջանակների հետ խորհրդակցություններ ունենալու կառավարության հանձնառությունը:
ՀՀ ԱԺ-ն 2021-ի հուլիսի 30-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ միաձայն ընդունել էր «ՀՀ քրեական օրենսգրքում» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենսգրքերը լրացվել էին նոր՝ 137.1-րդ հոդվածով, որով քրեականացվել էր անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ անպարկեշտ, լկտի կերպով վիրավորելը:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը օգոստոսի 4-ին Հայաստանի իշխանություններին կոչ էր արել դադարեցնելու քրեական հետապնդումը եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ եւ չեղարկելու խոսքի իրավունքը լրջորեն վտանգող ու խախտող օրենսդրական նախագծերը:
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը նաեւ փետրվարի 5-ին տարածած իր հաղորդագրությունում խոր մտահոգություն է հայտնել Հայաստանում պետծառայողներին վիրավորելու համար հարուցված քրեական գործերի վերաբերյալ։
Կազմակերպությունը Հայաստանի խորհրդարանին ապրիլի 14-ին դարձյալ հորդորել էր չեղարկել հիշյալ հոդվածը` որպես ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքները, ԵԱՀԿ-ի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երկրի ստանձնած պարտավորությունները ոտնահարող դրույթ։
Freedom House-ի՝ «Ազգերն անցումային շրջանում» տարեկան զեկույցում Հայաստանը ներկայացվել էր թեեւ իբրեւ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ քայլեր ձեռնարկող, սակայն ժողովրդավարական պետություն համարվելուց դեռ շատ հեռու երկիր։
«Ծանր վիրավորանքը» ապաքրեականացնելու կոչով Հայաստանին էին դիմել միջազգային այլ կառույցներ, դրանց թվում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը։ Տեղական ու միջազգային փորձագետների տեւական քննադատությունից հետո կառավարությունը որոշել է հրաժարվել «ծանր վիրավորանքի» համար քրեական պատասխանատվությունից։
Հուլիսի 1-ից քրեական նոր օրենսգրքով այս դրույթն այլեւս չի գործում։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշել է, որ այս արարքի համար քաղաքացիները կտուգանվեն միայն քաղաքացիական օրենսգրքով սահմանված մինչեւ 3 միլիոն դրամի չափով։
Հորդորել է լրատվամիջոցների հետ ուղիղ հաղորդակցության ուղիներ օգտագործել
Freedom House-ը նաեւ հորդորել է Հայաստանի վարչապետին լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին եւ օգտագործել ուղիղ հաղորդակցության ուղիները՝ ներառյալ բաց եւ թափանցիկ մամուլի ասուլիսները՝ առողջ ու գործուն ժողովրդավարություն ապահովելու նպատակով. բանն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո վարչապետը չորս անգամ առցանց ասուլիս է հրավիրել: Չորս անգամն էլ կառավարությունից պահանջել են, որ ասուլիսի համար հարցերը նախօրոք ուղարկվեն:
Մի շարք լրատվամիջոցներ անընդունելի են համարել այս ձեւաչափը՝ այն համարելով խտրական, ոչ արդյունավետ եւ հակասող խոսքի ազատության եւ ժողովրդավարության առանցքային՝ թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքներին։
«Հայաստանի իշխանությունը պետք է աջակցի անկախ լրատվամիջոցներին եւ քաղաքացիական հասարակությանը՝ ակտիվ երկխոսություն վարելով նրանց եւ ժողովրդի հետ՝ հակազդելու երկրի համար կարեւորագույն թեմաների շուրջ ապատեղեկատվությանը, որը վտանգում է Հայաստանի ժողովրդավարությունը»,- նշված է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ: