ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից հայտնել են, որ 2022-ից պետական նմուշի ավարտական փաստաթղթերը, այսինքն՝ հիմնական կրթության վկայականները եւ միջնակարգ կրթության ատեստատները, տրամադրվում են էլեկտրոնային եղանակով:
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը դեռեւս հունվարին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է այս տարվա շրջանավարտներին ավարտական վկայականների ու ատեստատների փոխարեն տրամադրել էլեկտրոնային փաստաթղթեր` անհատական QR կոդերով։
Հիմնական կրթության վկայականները եւ միջնակարգ կրթության ատեստատները ստանալու համար շրջանավարտները պետք է դիմեն իրենց դպրոց, որտեղ նրանց կտրամադրվեն ինչպես ավարտական փաստաթղթի ներբեռնված եւ տպված տարբերակը, այնպես էլ փաստաթղթի 16-նիշանի ծածկագիրը եւ տրման ամսաթիվը:
Աշակերտը կամ ծնողը կարող է մուտք գործել ՀՀ պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի հատուկ կայք, մուտքագրել 16-նիշանի ծածկագիրը եւ տրման ամսաթիվը, ստուգել փաստաթղթի վավերականությունը, ինչպես նաեւ ներբեռնել եւ տպել այն:
Ավարտական փաստաթղթերի գեներացման գործընթացն առավել պարզ դարձնելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իր կայքում տեղադրել է համապատասխան ուղեցույցներ՝ նախատեսված դպրոցների տնօրենների համար:
Դպրոցների տնօրեններն ավարտական փաստաթղթերի գեներացման գործընթացն իրականացնում են երկու փուլով՝ նախնական եւ հիմնական: