Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Աղետներին պատրաստվածության կարողությունների գնահատման թիմի անդամներին:
Թիմի այցի նպատակն է Հայաստանում ավելի քան 20 տարի իրականացվող արտակարգ իրավիճակների պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի շրջանակում համապետական մակարդակի աղետների պատրաստվածության գնահատման անցկացումը:
Հանդիպմանը մասնակցել են ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը եւ Հովհաննես Եմիշյանը, ամերիկյան գնահատման թիմի կազմում ներգրավված էին SPIN Global մարդասիրական կորպորացիայի հիմնադիր տնօրեն, թիմի ղեկավար Ջոել Թոմասը, արտակարգ իրավիճակների պատրաստության եւ քաղաքացիական իշխանություններին պաշտպանական գերատեսչության աջակցության փորձագետ Կառլ Ֆ․ Ֆրանցը, արտակարգ իրավիճակներին քաղաղաքացիա-ռազմական պատրաստվածության (CMEP) գնահատման վերլուծաբան Ալեքսա Սքուիրինին եւ ԱՄՆ դեսպանության Պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար Մայոր Դենիել Սինգլտոնը:
Կողմերը քննարկել են ԱԻՆ-ի դերը բոլոր տեսակի վտանգների ժամանակ, նաեւ պատրաստվածության պլանավորման եւ արձագանքման հարցեր:
Թիմի առաջին այցը գերատեսչություն եղել էր 2019-ին: Դավիթ Համբարյանը կարեւորել է երկրորդ այցը՝ նշելով, որ մեր երկիրը վերջին տարիներին անցել է բարդ փորձություններով՝ «Քովիդ-19» եւ պատերազմ:
Ըստ նախարարի տեղակալի՝ այցի շնորհիվ հնարավոր կլինի լրացումներ մտցնել նախորդ հանդիպման ընթացքում կազմված գնահատման զեկույցում:
Թիմի ղեկավար Ջոել Թոմասը եւս կարեւորել է հանդիպումը եւ նշել, որ իրենց նպատակն է հասկանալ այդ փոփոխությունները, մատնանշել ուժեղ կողմերը, մարտահրավերները, ինչպես նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում բացերը եւ գերատեսչության դերը «Քովիդ-19»-ի եւ պատերազմի ընթացքում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Աղետներին պատրաստվածության կարողությունների գնահատման թիմի հետ հուլիսի 12-ին նախատեսվում է ընդլայնված կազմով հանդիպում-քննարկում: