Ընդդիմությունը հաճախ է խոսում, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ։ Այս մասին հայտարարում են նաեւ միջազգային կառույցների հետ հանդիպումների ժամանակ։
Հիմա պատկերացրեք օտարերկրյա պաշտոնյաներին, որոնք լսում են պարտված երկրի ընդդիմադիրներին։ Ես տեսնում եմ, թե ինչպես են նրանք ժպտում, նույնիսկ գլխով հավանության նշաններ անում։ Տեսնում եմ հարկ եղած պահին մտահոգ դեմքեր։ Կարճ ասած` արձագանքում են այնպես, որ Հայաստան վերադարձող ընդդիմությունը առնվազն կարող է ասել՝ միջազգային գործընկերներն իրենց լսել են խոր մտահոգությամբ եւ տեղ-տեղ հավանության նշաններ ցույց տվել։ Հետո՞։
Հետո այն, որ արժանապատիվ խաղաղություն ասվածը մի բան է Հայաստանի համար, բոլորովին ուրիշ՝ Ադրբեջանի, եւ մի այլ բան է միջազգային գործընկերների համար։ Վերջինները պատրաստ են հաշվի նստելու այն խաղաղության հետ, որի ռիսկայնությունն իրենց վրա չի տարածվում։ Այդպիսին էր խաղաղությունը մեր տարածաշրջանում մինչեւ 44-օրյա պատերազմը։ Այն արժանապատիվ չէր ու ռիսկային էր հենց տարածաշրջանին չառնչվող երկրների համար։
Նրանք չէին կարող Ադրբեջանին կոչ անել հաշտվելու առաջին պատերազմում ունեցած կորուստների հետ, որովհետեւ այդ դեպքում իրենք կկորցնեին ադրբեջանական նավթը, ինչպես նաեւ կկորցնեին Ադրբեջանին որպես գործընկեր միջազգային այլ նախագծերում ու քվեարկություններում։
Նրանք չէին կարող Ադրբեջանին կոչ անել հաշտվելու առաջին պատերազմում ունեցած կորուստների հետ, որովհետեւ միջազգային բոլոր ատյաններում` ներառյալ ՄԱԿ-ի 4 բանաձեւերը, գրավյալ յոթ շրջանները ճանաչել էին օկուպացված, եւ այդ պայմաններում անհեթեթ է Ադրբեջանին պատերազմում ունեցած կորուստների հետ հաշտվելու կոչ անելը։
Նրանք չէին կարող Ադրբեջանին կոչ անել հաշտվելու առաջին պատերազմում ունեցած կորուստների հետ, որովհետեւ պատերազմը չէր էլ ավարտվել։ Իսկ որ ամենասարսափելին է, նրանք չէին կարող Ադրբեջանին կոչ անել հաշտվելու առաջին պատերազմում ունեցած կորուստների հետ, որովհետեւ Հայաստանն ու Արցախն այնքան անպատասխանատու էին տեղավորվել հաղթողների դերի մեջ, որ ավելի ճիշտ էր Հայաստանին կոչ անելը գնալ զիջումների։
Մենք հաղթել էինք որպես երեխաներ, որոնք դեռ չեն էլ կռվել։ Ու առանց մեծանալու էլ տվեցինք հաջորդ կռիվը մեկի հետ, որը մեծացել էր իրավունքի եւ ուժի ամբողջ զինանոցով։ Իսկ հիմա, երբ պարտությունից հետո անմիջապես մեծացանք, խոսում ենք արժանապատիվ խաղաղության մասին, բայց երեխայի նման ոտքերը գետնին խփելով։
Արժանապատիվ խաղաղությունը արժանապատիվ պարտությունից է սկսվում։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: