Հիսուս Քրիստոսի հսկա արձանի կառուցման աշխատանքները դադարեցնելու հերթական կոչով Գագիկ Ծառուկյանին այս անգամ դիմել է Գերմանիայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սերովբե Իսախանյանը:
Արքեպիսկոպոսը մասնավորապես շեշտել է, որ արձանը հարիր չէ բազմադարյա հայ մշակույթին, խորթ է հայ մտածելակերպին, դեմ է Հայ Եկեղեցու հաստատած ավանդույթներին։ Նա ցավով արձանագրել է, որ չանսալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հորդորներին, բազմաթիվ անձանց եւ հաստատությունների կոչերին՝ Ծառուկյանը շարունակում է իրագործել արձանը կառուցելու իր ծրագիրը եւ անգամ կատարել է արձանի հիմնարկեքը։
Արքեպիսկոպոս Իսախանյանը հավելել է, որ ինչպես աշխարհի շատ երկրներում բազում մշակութային, պատմական ու կրոնական կոթողներ կան, որ չկան Հայաստանում, այնպես էլ Հայաստանն աշխարհին ներկայանում է բազում մշակութային, պատմական ու կրոնական արժեքներով, որ չկան աշխարհի եւ ոչ մի ուրիշ երկրում։
Հոգեւորականը շեշտել է, որ Ծառուկյանն ազատ է` իրագործելու իր ծրագրերն ու նախաձեռնությունները այնքան ժամանակ, քանի դրանք չեն հակասում հայկական դարավոր ավանդույթներին ու ավանդություններին։
«Մեզ ծիծաղի առարկա մի՜ դարձրեք, կաթոլիկյան աշխարհին հատուկ մի երեւույթ մի՜ պատճենահանեք մեր աշխարհում։ Հիսուս Քրիստոսի արձանը ո՜չ կավելացնի մեր հավատքը, ո՜չ կամրապնդի մեր քրիստոնեական արժեհամակարգը, ո՜չ էլ աշխարհի աչքին կբարձրացնի Հայաստանի վարկն ու հեղինակությունը»,- համոզմունք է հայտնել Գերմանիայի թեմի առաջնորդը: Հոգեւորականն ընդգծել է, որ Հիսուս Քրիստոսի արձանը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ օգտաշատ, ո՛չ էլ օրհնաբեր: