Հուլիսի 10-ի, լույս 11-ի գիշերը ռուսական «Գազպրոմ» ընկերությունն առայժմ տասնօրյա պրոֆիլակտիկ աշխատանքների համար փակել է դեպի Գերմանիա «Հյուսիսային հոսք» գազատարը: Եվրոպայում մտավախություն ունեն, որ Բալթիկ ծովի հատակով անցնող խողովակաշարով գազամատակարարումը չի վերսկսվի:
Եվրոպան իրավիճակի կապակցությամբ մտադիր է մինչեւ շաբաթավերջ արտակարգ միջոցառումների ծրագրի մասին համատեղ հայտարարություն տարածել։
Եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը ավելի վաղ հայտարարել էր, որ իրավիճակը շատ լուրջ է, եւ ճգնաժամը կարող է է՛լ ավելի սրվել: Նա չէր բացառել, որ Ռուսաստանը կշարունակի նվազեցնել գազի մատակարարումները:
Ավելի վաղ դրա մասին նախազգուշացրել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նա ասել էր, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ռուսական գազի մատակարարման հետագա ընդհատումներին եւ նույնիսկ ամբողջական դադարեցմանը: Ֆոն դեր Լայենը հավելել էր, որ ԵՄ անդամ մոտ տասը երկրներ արդեն իսկ տուժել են գազի մատակարարումների կրճատումից կամ ամբողջական դադարեցումից։