Թուրքական Vatan («Հայրենիք») կուսակցությունը լայնածավալ արշավ է ծավալել Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու նպատակով։ Արշավի շրջանակում հազարավոր ստորագրություններ են հավաքել խոշոր քաղաքներում, տասնյակ գավառներում եւ շրջաններում:
Ըստ թուրքական Aydınlık թերթի՝ կուսակցության գլխավոր քարտուղար Օզգյուր Բուրսալին հայտարարել է, թե թուրք ժողովուրդը ապստամբում է ՆԱՏՕ-ի դեմ։ «Մեր կոչերը կարճ ժամանակում քամու պես տարածվեցին ավելի քան 100 նահանգում ու շրջանում, հազարավոր ստորագրություններ հավաքեցին եւ աջակցություն գտան մեր քաղաքացիների կողմից»,- նշել է նա։
«Հայրենիք» կուսակցությունը մտադիր է Թուրքիայի կառավարությանը առաջարկել դուրս գալ ՆԱՏՕ-ից. դաշինքի դեմ քաղաքականությունը կարեւոր է երկրի տնտեսական ապագայի համար, ավելի վաղ հայտարարել է կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը: «Հայրենիքը» ներկայացված չէ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովում (խորհրդարանում), ակտիվորեն հանդես է գալիս Եվրասիական տարածքի հետ Թուրքիայի սերտ համագործակցության օգտին, Անկարային կոչ է անում ճանաչելու Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ: