Ըստ «Հետք» պարբերականի՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Հատիս լեռան գագաթին սեփականության իրավունքով ձեռք է բերել 9 հողակտոր։ Հողակտորները ներառում են նաեւ Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։
Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը նշել է, որ 100 հա հողակտորը «Ծառուկյան» հիմնադրամին օտարվել է համայնքի կողմից, իսկ 46 հա 2008-ին էր օտարվել քաղաքացի Նորիկ Պետրոսյանին, որն էլ այն նվեր է տվել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին։
2022-ի մայիս-հունիսին Կոտայքի մարզի Ակունք, Հատիս եւ Զովաշեն համայնքների վարչական տարածքների շուրջ 140 հա հողատարածք աճուրդային կարգով օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։
Ակունք գյուղում 20 հա հողակտորը վաճառվել է ընդամենը 1 միլիոն 600 հազար դրամով։ Նույն համայնքում 19.7 հա հողակտորն օտարվել է 1 միլիոն 576 հազար դրամով։ Օտարված հողերի հարեւանությամբ մեկ այլ՝ 17 հա հողակտորն օտարվել է 5 միլիոն 740 հազար դրամով, 20 հա մակերեսով մեկ այլ հողակտոր օտարվել է 7 միլիոն 900 հազար դրամով։
ՀՀ ԿԳՄՍՆ-ն պահանջել է դադարեցնել Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում ցանկացած շինարարություն։
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարել է, թե հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության եւ մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դիմել է պատկան մարմիններին՝ ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ու թույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար:
Հիմնադրամը պնդել է, թե այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքներ։ Իսկ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն: