Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն հուլիսի 11-ին 40 րոպե տեւողությամբ հեռախոսազրույց են ունեցել: Զրուցակիցները քննարկել են միութենական պետության պաշտպանությանը, Ուկրաինայում, այսպես կոչված, «ռազմական հատուկ գործողության» ընթացքին վերաբերող և մի շարք տնտեսական հարցեր՝ ներառյալ Կալինինգրադի տարանցիկ ճանապարհին առնչվող։ Գլխավոր թեմաներից մեկը վերաբերել է ռուսական էներգակիրների՝ Եվրոպա մատակարելու խնդիրներին։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Պուտին-Լուկաշենկո հեռախոսազրույցում քննարկվել են երկկողմ առեւտրա-տնտեսական համագործակցության հրատապ հարցերը։ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ երկու ղեկավարները հանգամանալից կանգ են առել նաեւ հետխորհրդային տարածքի իրավիճակի վրա։
«Բացի դրանից՝ շեշտադրումներ են արվել Կալինինգրադի մարզ ապրանքների տրանզիտի իրավիճակի վրա, քննարկվել են Լիտվայի մտցրած անօրինական սահմանափակումներին առնչվող հարցեր։ Այդ համատեքստում քննարկվել են համատեղ քայլերի որոշ հնարավորություններ»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։