Առաջին պատերազմի հերոսական, պաթետիկ պատմություններից երեւի 1994-ի տարեվերջին ծանրումեծ առանձնացավ Մաքսիմ Հովհաննիսյանի «Ամարասի զանգերը» էսսեն։
Կարճ ասեմ․ ուրեմն 92-ի ամառն է, Շահումյանը՝ գրավված, Մարտակերտի կեսը՝ նույնպես։ Ֆիզուլիից Ամարասի հովտի ուղղությամբ հարձակում է, առաջնագծում՝ Մաճկալաշենը։ Եվ օգնության հույս չկա։ Եթե ընկավ, թշնամու ճանապարհը մինչեւ Կարմիր շուկա բաց է։ Իսկ դա Ստեփանակերտի հարավային նախադուռն է, եւ Մաճկալաշենի ջոկատի հրամանատարը մահապարտի որոշում է ընդունում․ տեղահանել կանանց, երեխաներին եւ ծերերին ու «ոչ մի քայլ ետ, թիկունքում Ամարասն է» վճռականությամբ կանգնել։
Գյուղը դատարկվում է։ Ծանր վերելք է, դիմացը՝ մե՜ծ անորոշություն, որովհետեւ եթե Մաճկալաշենն ընկնի, թիկունքում արդեն անպաշտպան Ստեփանակերտը կլինի։ Այս դառը խոկումների մեջ է մաճկալաշենցի Պուտունց Արամը, որ կնոջ հետ քայլում, բայց թիկունքին զգում է գյուղի դատարկությունը, տղաների ատամկրճտոցով սպասումը, թե նախօրեին Ֆիզուլիից բերված, Ղաջարի դիրքերում կուտակած երկու-երեք տասնյակ տանկերն ու զրահամեքենաները երբ են հռնդոցով նետվելու դեպի Ամարաս, դեպի Մաճկալաշենի վերջին խրամատները։ Զգում է, թիկունքը շոգ ամռան հետմիջօրեի արեւի տակ սառչում է, եւ Պուտունց Արամը վայր է բերում ուսաբեռը։
Նստում է արահետի փոշիների վրա, դարսդարսում տնից վերցրած թոնրահացերը, կիսում, կապոց է անում, տալիս կնոջն ու հայացքով ասում՝ գնա՛։ Ինքը շրջվում, գլդոր-գլդոր ընթացքով իջնում է գյուղ։ Եվ մարդկային հոսքը կանգ է առնում։ Ոչ բոլորն են վերադառնում։ Ոչ բոլորն են իջնում Ամարասի մոտ՝ խրամատներ, բայց թշնամին այդ օրը մարտադաշտում տասնյակ տանկ ու զրահամեքենա է թողնում՝ նահանջում արդեն ոչ թե Ղաջար, այլ Ֆիզուլի։
Հետո ջոկատի տղաներն այդ շրջափակման մեջ միայն իրենց հայտնի կածանով դեպի Ամարասի վանք մի ելք են գտնում, զանգ կախում, եւ Աստծո ամեն առավոտ հովտի վրա ղողանջում է քրիստոնյայի, հայի մեր հավաքական ձայնը, որ Մաքսիմ Հովհաննիսյանը մաճկալաշենցի տղաների լեզվով ձեւակերպել է որպես «թուրքի վարյոխը (ունեցած-չունեցածը) ք․․․եմ»։ Այդպե՜ս․․․
Մի փոքր խնայել, ցնցող ճշմարտությունը լրիվ չի պատմել միշտ նրբանկատ Մաքսիմ Հովհաննիսյանը։ Իսկ իրականության մեջ երբ Երեւանում բնավորված եւ բավական ազդեցիկ պաշտոնյա մաճկալաշենցին ուղղաթիռով իջել, զոհված եղբոր մարմինն ուզել է տեղափոխել, որ Եռաբլուրում կամ ուրիշ մի ապահով գերեզմանոցում հողին հանձնի, Մաճկալաշենն ըմբոստացել, թույլ չի տվել։ Ե՛վ նախօրեի հաղթանակը, ե՛ւ Ամարասի զանգի մաքուր ղողանջն ավելի են իմաստավորվել․ «Մեր զոհը մեր հողում պիտի հանգչի»։ Եվ Մաճկալաշենը հիմա կա, Ամարասը կա։ Ամարասի հովիտը կա՝ մինչեւ Կարմիր շուկա, որտեղից քառասունչորսօրյա պատերազմում թուրքը չի անցել։
Երեկ թոռներիս համար տարվա առաջին ձմերուկն էի ընտրում։ Խանութի տերը Ամարասի հովտի Սոս գյուղից է։ Եվ հպարտությամբ ասաց, որ ձմերուկն Ամարասից է, տեղական, մերը։ Եվ ես հիշեցի 1994-ի այն օրերը, երբ Լրատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն, համարյա թե Արցախի ռազմաքաղաքական կառավարության անդամ Մաքսիմ Հովհաննիսյանը ժամերով փակվում էր առանձնասենյակում՝ Ռազմիկ Ղեւոնդյանի հետ, որ Մաճկալաշենի ամռան այն օրվա եւ հետագա օրերի պատմությունները գրի առնի։ «Ամարասի զանգերը» էսսեն այդպես է ծնվել, Պուտունց Արամ կերպարն՝ ամբողջացել։
Այդ եւ հետագա տարիների պատերազմական մեր գիրը ծանրանում էր դաշտային հրամանատարության վրա։ «Հեկտարներով» գրվել է։ Մի քիչ՝ ճշմարտություն, ավելի շատ՝ պաթոս։ Առաջին պատերազմն, այնինչ, Պուտունց Արամի՝ հավաքական գյուղացու հաղթանակն էր։ Դեպի լեռնային գյուղեր նահանջի, տարհանման, գաղթի եւ անորոշության ճանապարհին եթե Պուտունց Արամը շալակի մի քանի հացը կնոջ հետ չկիսեր, հայացքով չասեր՝ գնա՛, ես հետ եմ դառնում, հաջորդ լուսաբացին Մաճկալաշենը, երեւի, դարձյալ կհաղթեր, բայց զոհվածներին ո՞վ էր պատվով-կարգով հողին հանձնելու։ Ո՞վ էր Երեւանից Ամարասի հովտում իջած ուղղաթիռը հետ ուղարկելու, ո՞վ էր ասելու, որ մեր զոհը մեր հողում պիտի հանգչի։
Քանի՞ անգամ եմ փորձել, չի ստացվել, չի գրվել։ Չեմ կարողացել ընթերցողի հայացքին եւ ընկալմանը բերել մեր գյուղացի մոր ճիչը, երբ դանդաղ-մահառիթ ընթացքով զինվորական բեռնատարը կանգնել է տան դարպասների մոտ, վարորդն ու ուղեկցորդ սպան գլխահակ կանգնել են, սանդղահարթակից ծղրտացել է՝ որի՞ն եք բերել։ Երեք տղաներն Օմարում էին։ Զոհվել էր միջնեկը։ Իսկ երկուսն այնտեղ էին, եղբոր հրաժեշտին չկային։ Պատերազմ էր։ Քանի՞ նման պատմություն չի գրվել, չի գրվում եւ, երեւի, չգրվի էլ։
Ամարասի հովտի ձմերուկն ինձ հիշեցրեց Պուտունց Արամին։ Հետո հիշեցրեց մի դաժան գրառում․ «Դագաղն այնպես են տանում, որ մայրը համոզվի՝ որդին այնտեղ է»։ Իրականում մասունքներ են հողին հանձնում՝ զինադադարից ամիսներ անց Ջեբրայիլում գտնված։ Եվ արդեն բանավոր ասածը․ Ստեփանակերտում ամուսնուն պատերազմ է ճանապարհել, յոթ օր հետո գիտի՝ տեգրը զոհված է, մարմինը՝ թշնամու գրաված Հադրութում, երկու եղբայրը Ճարտար-Մարտունի ուղղության մարտերում են։ Գյուղի տանը մայրն է։ Հարսներին ուղարկել, ինքը մնացել է։ Զանգում է, խնդրում՝ մայրը գոնե մի քանի օրով Ստեփանակերտ գա։ Ասում է․ «Բա որ երեխեքից մեկին բան պատահի, բերեն ու տան դուռը փա՞կ լինի»։
Քառասունչորս օր եւ էլի մի ամիս՝ մինչեւ պահեստազորայիններին դիրքերից տուն կուղարկեին, մայրը սպասել է։ Տան դուռը բաց է պահել, լույսը՝ վառ, եւ տղաները վերադարձել են։ Ամարասի ձմերուկն ու սոսեցի խանութպանի հպարտությունը, որ՝ տեղական է, մերը, հիշեցրին Պուտունց Արամին։ Բոլորս Պուտունց Արամ ենք։ Գաղթի, հեռացումի, օտարման ճանապարհի կեսից գլուխներս հետ շրջել, վերադառնում ենք հավաքական Մաճկալաշեն։ Եվ Ամարասը կա։ Ամարասի զանգերը ղողանջում են, եւ ձայները հովիտն ի վար իջնում, հասնում են մինչեւ Արաքս։ Պուտունց Արամի ձմերուկը մի քիչ այն չէ։ Ոչինչ։ Եկող տարի ավելի քաղցր կլինի։ Պաթոս չէ, Պուտունց Արամ է։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։